ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 7գ դասարանի աշակերտները՝ դասղեկ Լիլիթ Իսրայելյանի ու հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Գոհար Ղազարյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին Մանկավարժական համալսարանում։
Այցի նպատակը բուհ-դպրոց համագործակցության խորացումն էր, աշակերտներին համալսարանական միջավայրին ծանոթացնելը, մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն ու դպրոցներում նախագծային աշխատանքների իրականացման գործում աշակերտներին աջակցություն ցուցաբերելը։
ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի դոցենտ Դիանա Մարկոսյանը աշակերտներին ներկայացրեց բուհի մասնագիտությունները, առանձնահատկությունները, առավելությունները, ծանոթացրեց առաջին համալսարանական ռադիոյի՝ Ֆամայի գործունեությանը, իսկ լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Սիմոն Հովհաննիսյանը լրագրության մասին հակիրճ ակնարկ ներկայացրեց տեսասահիկի միջոցով։
Աշակերտներն ուղղեցին իրենց հուզող հարցերը մեդիագրագիտության, կեղծ տեղեկատվության հայտնաբերման, դրանից խուսափելու ուղիների մասին։ Ապա ունեցան ձայնագրվելու առաջին փորձը։
Աշակերտներն՝ ուսուցչուհու օգնությամբ, իրականացրել էին հետազոտական աշխատանք Հայաստանում ապրող աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի՝ եզդիների հարուստ մշակութային ժառանգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրանց ունեցած ձեռքբերումների մասին տեղեկանալու նպատակով։ Իրենց կատարած աշխատանքը նրանք հաղորդման տեսքով ձայնագրեցին, որը եթեր կհեռարձակվի փետրվարի 17-ին radiofama.am-ով։
Մանկավարժական համալսարանի ռադիո Ֆամայի շնորհիվ աշակերտների աշխատանքը չի մնա միայն դպրոցի պատերի ներսում, այն կհնչի աշխարհի ավելի քան 150 երկրում, որտեղ կտեղեկանան ինչպես Հայաստանում եզդիական համայնքի կյանքին ու գործունեությամը, այնպես էլ դպրոցականների քննադատական, վերլուծական մտքին և կարողություններին։
Հանդիպման ավարտին աշակերտներն այցելեցին նաև ՀՊՄՀ Պատմության թանգարան, և խոստացան անպայման վերադառնալ, որովհետև ժամանակի սղության պատճառով բավականին հարցեր մնացին անպատասխան։
«Այսպիսի նախաձեռնությունները երկկողմ արդյունավետություն ունեն՝ վաղ տարիքից աշակերտների մոտ սերմանում են սեր բարձրագույն կրթության, հետազոտական, վերլուծական աշխատանքների նկատմամբ, իսկ համալսարանն էլ ամրապնդում է կապը դպրոցների հետ, որոնց համար պատրաստում է վաղվա ուսուցիչներին»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի դոցենտ Դիանա Մարկոսյանը։