Ապրիլը 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, ինչի մասին հասարակությանը տեղեկացվում է ամբողջ ամսվա ընթացքում: Այդ շրջանակներում Մանկավարժական համալսարանի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն դասախոսներ Աննա Չարչյանի, Ալվինա Հայրապետյանի և Էմիլյա Թադևոսյանի նախաձեռնությամբ այսօր բուհում կազմակերպվել էր ֆլեշ-մոբ:
Միջոցառումը մեկնարկեց «ինդիգո երեխաներին» խորհրդանշող կապույտ փուչիկների թռիչքով, ինչը զարդարել էր բուհի շենքը, ապա ուսանողները հարկ առ հարկ իրենց ձեռնարկին մասնակից դարձրին անցորդներին:
«Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Մինչ օրս աուտիզմի առաջացման հնարավոր պատճառները դեռ հստակ հայտնի չեն.այն շարունակում է առանցքային թեմա մնալ և ուսումնասիրվել մասնագետների կողմից»,-նշեց Ալվինա Հայրապետյանը:
Վերջինս նկատեց, որ այդ առումով կարևոր է նաև խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը, նրանց ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելը աուտիզմով երեխաների խնդիրներին. պրակտիկայի շրջանակներում կազմակերպված ձեռնարկի նպատակը նաև դա էր:
Այս տարի իրազեկման կարգախոսն էր «Դու մենակ չես». ֆլեշ-մոբի մասնակիցները կապույտով ներկված ձեռքերի արտատպմամբ ամբողջացրին փազլի կտորներն ու ստացան հենց այս արտահայտությունը՝ հիշեցնելով, որ շարունակում են լինել աուտիզմով երխաների կողքին: