ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ձեռնարկ՝ նվիրված Լազարյան ճեմարանին
09.12.2015
Ձեռնարկ՝ նվիրված Լազարյան ճեմարանին

«Հայ դպրոցն ունի հազարամյակների պատմություն և մեր ժողովրդի բազմադարյա հարուստ մշակութային ժառանգության մասն է կազմում: Պատմության համատեքստում առանձնահատուկ կարևորություն է տրվել մշակույթի ուսումնասիրմանն ու դպրոցների առջև դրված նոր խնդիրների իրագործմանը: Մեր ժողովուրդն իր ինքնության արտացոլումը, առանձնահատկությունները, հոգեբանական յուրատիպությունը և ճակատագրի զարգացումը պայմանավորել է կրթությամբ»,-Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում նշեց ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

Վերջինս նկատեց, որ այն իր մեկդարյա գործունեության ընթացքում բացառիկ ու կարևոր դերակատարություն է ունեցել հայագիտության, արևելագիտության, հայ դպրոցի և մանկավարժական մտքի զարգացման գործում՝ հետևելով իր գլխավոր նպատակին` ծառայել հայ ժողովրդի լուսավորության գործին:

Մանկավարժական համալսարանի Թանգարանի ու Պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված ձեռնարկի ընթացքում ապագա մանկավարժները բուհի թանգարանում ծանոթացան Լազարյան ճեմարանի գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:

ՀՊՄՀ-ի դոցենտ Խաչատուր Ստեփանյանն էլ ներկայացրեց Լազարյանների ազնվական տան պատմությունը, ճեմարանի հիմնադրումն ու հետաքրքիր այլ դրվագներ՝ ընդգծելով, որ այն տնտեսականից զատ, ծավալել է նաև կրթամշակութային գործունեություն և հետաքրքրված են եղել ժողովրդի ազգային-ազատագրական շարժումով:

Ձեռնակը եզրափակվեց Ներսես Հովհաննիսյանի՝ Լազարյան ճեմարանի մասին պատմող «Հայկական նրբանցք, տուն 2» ֆիլմի դիտմամբ: