✕
✕

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ձնհալն արվեստում»․ֆիլմ 60-ականների արվեստի մասին
21.08.2021
«Ձնհալն արվեստում»․ֆիլմ 60-ականների արվեստի մասին

Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչության ստեղծած «Ձնհալն արվեստում» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի սցենարի հեղինակը Դիանա Մարկոսյանն է, ռեժիսորը՝ Արտյոմ Աղասարյանը, օպերատորը՝ Հրայր Սիրականյանը, մոնտաժող ռեժիսորը՝ Արթուր Փարսյանը։


Ֆիլմն ստեղծվել է ՌԴ-ում անցկացվելիք ամենամյա վավերագրական ֆիլմերի փառատոնին ներկայացնելու նպատակով, սակայն մինչ պարզ կլինեն արդյունքները, հայ հանդիսատեսն այն դիտեց Թեքեյան մշակութային միությունում կազմակերպված ցուցադրությանը։

«Ճանապարհ դեպի կրկես», «Նռան գույնը», «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունի», «Առաջին սիրո երգը» ֆիլմերի միջոցով ստեղծագործական խումբը դիտողին տեղափոխում է անցյալ, վերադարձնում այն ժամանակը, որ ստեղծեց հզոր անհատներ, պարգևեց մնայուն արժեքներ․ դա այն ժամանակն էր, երբ մարդն ազատ էր։ Այդ ժամանակը բնութագրվեց իբրև ձնհալ, ձնհալ արվեստում։

Ֆիլմում 60-ականների կինոն ներկայացվում է իբրև ռեժիսորների, դերասանների, օպերատորների, սցենարիստների, նկարիչների ու երաժիշտների ոսկե սերնդի համախումբ։ Կազմակերպված ցուցադրությանը քիչ չէին 60-ականների ժամանակակիցները․ նրանք միակարծիք են՝ տեսաֆիլմը յուրահատուկ մոտեցմամբ վերադարձրեց այն տասնամյակը, որն իսկապես ստեղծեց մնայուն արժեքներ։

Իսկ երիտասարդ հանդիսատեսի համար ֆիլմն ավելի շատ ճանաչողական է․ ժամանակի հերոսը ֆիզիկոս գիտնականն էր («Բարև, ես եմ»)։ ֆիլմի ստեղծողները 33 րոպեում համադրել են փաստերն ու ժամակակիցների՝ պատմաբան Ռուբեն Միրզախանյանի, արվեստաբան Դավիթ Մուրադյանի և կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի վերլուծությունները։

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, Թեքեյան մշակութային միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Միրզախանյանը, խոսելով 60-ականների մասին, ընդգծեց՝ փաստ է, որ այդ ժամանակ մարդիկ տարեցտարի ավելի լավ էին ապրում, և հենց այդ ժամանակ էր հնարավոր վերականգնել արվեստի այնպիսի ճյուղ, ինչպիսին կինոն է․«Դա այն ժամանակներ էր, երբ նույնիսկ միմյանցից տարբեր մարդկանց միավորում էր մեկ ընդհանուր գիծ՝ հավատը դեպի լուսավոր ապագան»։

Ռուբեն Միրզախանյանի համար ուրախալի է հատկապես այն հանգամանքը, որ ֆիլմի երիտասարդ դիտողներին այն հետաքրքրում է և «հենց այդ պահին հասկանում ես՝ ամեն ինչ վերջացած չէ»։

Ֆիլմի հեղինակ Դիանա Մարկոսյանը մասնագիտության բերումով առնվազն երկու տասնամյակ բարեբախտություն է ունեցել շփվել մտավորականների, արվեստի նվիրյալների, մշակույթի բազմաթիվ գործիչների հետ։ Խոստովանում է՝ այդ հաճախակի շփումները, զրույցները հայկական մշակույթի, գիտության ոսկեդարի մասին հանգել են 60-ական թվականների մասին անմոռանալի հուշերի թարմացման անհրաժեշտության։

«Միշտ թաքուն երազանք եմ ունեցել ապրել այդ տարիների մեջ, գոնե ապրել նրանց ապրած կյանքով, ովքեր ազնիվ էին, շիտակ փոխհարաբերություններում, ովքեր ստեղծում ու արարում էին, երբ երիտասարդների զրույցի թեման արվեստն էր, կինոթատրոնում ցուցադրված վերջին ֆիլմի, կարդացած գրքի վերլուծությունն էր, երբ մարդիկ ապրում էին լիքը, հարուստ, ոգեղեն կյանքով։ Ու միշտ մտածել եմ իմ սիրելի ժամանակի մասին ինչ-որ բան ստեղծել»,-նշում է ֆիլմի հեղինակն ու հավելում՝ վերջնական որոշումը ռեժիսորի հետ կայացրել են «Հայաստանը 1921-91թթ-ին» լաբորատորիայի կազմակերպած՝ «Հայաստանը 1945- 1965 թթ-ին» խորագրով գիտաժողովի ժամանակ, որտեղ հնչած մտքերն ու մթնոլորտն էլ տրամադրեցին ստեղծել նման ֆիլմ։

ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը նաև հավելեց՝ ֆիլմի ստեղծման նպատակը ոչ այնքան հաղթելն է փառատոնում, որքան հայրենիքից դուրս ներկայացնել մեր ազգային ես-ը, մեր դիմանկարը, աշխարհին մեր տվածը ու նաև հիշեցնել՝ կարմիրը միայն կորսված սերնդի արյան գույնը չէ, ինչպես արդարացի նկատել էր վերլուծաբան Սոնա Մելոյանը, այլ նաև նռան գույնը, պտղաբերության ու հավերժի։

«Ձնհալն արվեստում» ֆիլմը ռեժիսոր Արտյոմ Աղասարյանի առաջին քայլն է այս ժանրում։ Անդրադառնալով ժամանակահատվածի ընտրությանը՝ վերջինս ընդգծեց, որ նույնիսկ պատմաբաններն են նկատում՝ 1960-ականները հայ մշակույթի պատմության ոսկեդարն է։

«Շատ կարևոր է ֆիլմի մասնակցությունը փառատոնին, սակայն կրկնակի կարևոր է, որ այն լինի նաև ուսուցողական․կծանոթացնի այդ ժամանակաշրջանին, կուղղորդի գնահատել մեր ունեցածն ու կխթանի նորովի ստեղծագործելուն»,-նշեց Արտյոմ Աղասարյանն ու խոստովանեց՝ միևնույն ժամանակ դժվար է խոսել մի ժամանակի մասին, որն ամենաշռայլը եղավ` ստեղծելով ժամանակի մարդուն բնութագրող կինոարվեստ։

Ֆիլմում ներկայացվեց ժամանակն իր ողջ խորությամբ, երբ ոչ թե տեսախցիկն էր ֆիքսում ժամանակը, այլ ժամանակն էր տեսախցիկ առջև, այսինքն՝ դարաշրջանը շնչում էր ֆիլմերում։ Տարբեր ֆիլմերի վերլուծությամբ Ռուբեն Միրզախանյանը, Դավիթ Մուրադյանն ու Մարտին Վարդազարյանը վերհանեցին մի կարևոր հանգամանք՝ 60-ականները նոր փուլ էին, նշաձող, որից ներքև այդուհետ հնարավոր չէր ստեղծագործել։ «Շնորհակալ ենք այդ ժամանակին»,-նշում են ֆիլմի հերոսներն ու ներկաներին հուշում՝ գուցե ձնհալն արվեստում դեռ չի ավարտվել և դեռ պետք է արարել ու ստեղծագործել։