Կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Նարինե Սահակյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտներ Սիրինե Շողերյանը, Մերի Կիրակոսյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էթիկայի կոմիտե փորձաքննության էին ներկայացրել «Սովորողների նեյրոֆիզիոլոգիական, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը հանրային, ներառական և բարձրագույն կրթության համակարգերում» վերնագրով հետազոտական աշխատանքը։
Փորձաքննության արդյունքում՝ ԵՊԲՀ-ի Էթիկայի կոմիտեն եզրակացրել է, որ հետազոտությունը չի հակասում Հելսինկյան հռչակագրի՝ մարդկանց մասնակցությամբ բժշկական հետազոտության էթիկական նորմերին:
Եզրակացության համաձայն՝ ներկայացված համակազմը, իր մասնագիտական որակով և կոմպետենտությամբ, լիովին համապատասխանում է ՀՊՄՀ-ի «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի փորձարարական լաբորատորիայում» մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների անցկացմանը։
Թույլատրվում է նաև գիտական հոդվածներ տպագրել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման առաջին կամ երկրորդ քառորդում (Q1 կամ Q2) ընդգրկված ամսագրերում։ Դրանցում Էթիկայի հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը առաջնային պայման է: