ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Erasmus+ T4GREEN /Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման/ ծրագրի ղեկավար Մարիաննա Հարությունյանը մասնակցել է աշխատանքային փաթեթ երրորդի աշխատանքներին։
Այդ շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել ծրագրի հայաստանյան աշխատանքային խմբի հետ՝ ԵՊՀ-ում, ինչպես նաև առցանց՝ մոլդովացի գործըկերների հետ:
Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հանդիպման ընթացքում շեշտել է մանկավարժական կրթության հայեցակարգի հրատապությունը հայաստանյան կրթական համակարգի համար՝ ընդգծելով՝ այն պետք է ուղենիշ սահմանի Հայաստանում մանկավարժական կրթության զարգացման համար:
Ծրագիրը, որը համակարգում է ՀՊՄՀ-ն, ներգրավված են հայաստանյան և մոլդովական բարձրագույն ուսումնական հաստատություններ, նախարարություններ և կազմակերպություններ։
ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի, Շիրակի պետական համալսարանի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Կրթության քաղաքականության և կառավարման հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են հայեցակարգի մշակման ընթացակարգը, կառուցվածքն ու ակնկալվող վերջնաժամկետները:
Աշխատանքային փաթեթ երրորդի հանդիպումների շարքը շարունակվել է առցանց՝ մոլդովացի գործընկերների հետ։ Իոն Կրեանգա Քիշնևի պետական մանկավարժական համալսարանի, Բալթիի Ալեկու Ռուսո պետական համալսարանի և Պրոդիդակտիկա կրթական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են մանկավարժական կրթության հայեցակարգի մշակման մոլդովական մոտեցումներն ու ազգային առաջնահերթությունները, հստակեցրել մոլդովական աշխատանքային խմբի հետագա գործողություններն ու ուղղությունները:
Նշենք, որ առաջին գործողությամբ Հայաստանում և Մոլդովայում նախատեսվում է մշակել մանկավարժական կրթության ազգային հայեցակարգ, որը համահունչ կլինի Եվրոպական միության կանաչ և թվային Եվրոպա առաջնահերթություններին, երկու երկրներում կսահմանի մանկավարժական կրթության զարգացման ուղենիշ։