ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Երբ հոգնես անվերջ ինքնավերլուծությունից, արի մեզ մոտ՝ կպարենք»
13.05.2016
«Երբ հոգնես անվերջ ինքնավերլուծությունից, արի մեզ մոտ՝ կպարենք»

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Աստղիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Պարաշարժողական թերապիա» խորագրով բաց դաս-միջոցառում:

Արտթերապիայի բաժնի մագիստրոսները ներկաներին ծանոթացրին բուժման, շտկման և զարգացման նպատակներով կիրառվող թերապիայի զարգացման պատմությանը, աշխարհի տարբեր երկրներում դրա դրվածքին և կիրառության դեպքերին:

«Երբ հոգնես անվերջ ինքնավերլուծությունից, արի մեզ մոտ՝ կպարենք»,-այս կոչով դիմեցին ապագա արտթերապևտները ներկաներին և հենց լսարանում կիրառեցին մի քանի մեթոդներ: Մասնակիցների համար պարզ դարձավ՝ պարը կենդանի լեզու է, զբաղմունք, որի շնորհիվ հնարավոր է ոչ միայն պարել սովորել, այլև ճանաչել սեփական անձը, արտահայտել այդ պահին ունեցած հույզերը:

Մանկավարժական գիտությունների թեկնածու Աստղիկ Գրիգորյանն առաջին մասնագիտությամբ պարարվեստի մանկավարժ է, ինչը օգնել է հատուկ մանկավարժության ոլորտում ևս հաջողության հասնել. «Պարաշարժողական թերապիայի ժամանակ առաջին հերթին պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ չկան հետևող, քննադատող հայացքներ: Կարևոր է զգալ սեփական մարմնի ազատությունն ու ճկունությունը, սովորել զգալ և հասկանալ վերջինիս շարժումների լեզուն»:

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանը, չնայած Հայաստանում մեթոդի ոչ լայն կիրառությանը, բարձր է գնահատում թերապիայի այս ճյուղի բուժական, հոգեթերապևտիկ և միջանձնային հարաբերությունները կարգավորող հատկությունը և ուրախությամբ նկատում՝ դրա վերաբերյալ գրվում են թեզեր, կենտրոններում էլ աշխատում են մեր շրջանավարտներից:

Ի դեպ, միջոցառումն ավարտվեց թերապիային բնորոշ հատուկ արարողակարգով՝ շրջան, բարի հիշողություններ, անուշեղենի բաժանում, որն ուղեկցվեց մեղմ երաժշտությամբ և պարային ինքնաբուխ շարժումներով: