ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Երգեր և ռոմանսներ»․հնչեցին Մարինե Ալեսի երգերը
23.10.2023
«Երգեր և ռոմանսներ»․հնչեցին Մարինե Ալեսի երգերը

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ կայացավ հայ տաղանդավոր երգահան Մարինե Ալեսի՝ «Երգեր և ռոմանսներ» խորագրով վոկալ շարքի համերգը։

Երաժշտասեր հանրության դատին ներկայացվեց նաև երաժշտի՝ վերջերս ստեղծված և հրատարակված ժողովածուն` փոխադրված ձայնի և դաշնամուրի համար, որն իրականացրել էր համերգի կազմակերպիչ, ՀՊՄՀ Երաշտական կրթության ամբիոնի դասախոս Արուսյակ Կոստանյանը։

Նա համերգի սկզբում նկատեց՝ Մարինե Ալեսն իր յուրահատուկ ստեղծագործական անհատականությունն է ներկայացնում երգերում և ռոմանսներում․ ժանրը, որում ստեղծագործում է, դասական և քաղաքային ռոմանսի սահմանագծում է։ Այս երկու ոճային ուղղությունների տարրերն են մեկտեղված նրա երգերում։

Ժողովածուում տեղ է գտել 21 երգ, այդ թվում՝ ռոմանսներ․ խոսքերի հեղինակը նույնպես Մարինե Ալեսն է․դրանք, ըստ Արուսյակ Կոստանյանի, մարդկային մտքի և մուսայի ծնունդ են, հայ ստեղծագործող կնոջ ուղերձը՝ մարդկանց և սերունդներին․«Հեղինակը երգերը ստեղծել է մեղեդու և խոսքի միաժամանակյա միասնության մեջ, երկլեզու՝ հայերեն և ռուսերեն՝ ինքնուրույն բովանդակությամբ»։

ժողովածուն ստեղծվել է մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում՝ Մարինե Ալեսի և տաղանդավոր երգչուհի Ծովինար Ամիրյանի համագործակցությամբ։

Արուսյակ Կոստանյանը նշեց, որ իսկական ստեղծագործական էյֆորիա էր․ Մարինե Ալեսի առաջարկով՝ դաշնամուրային նվագակցությամբ երեք տարի առաջ գրեց երգերը, ստեղծեց կլավիր տարբերակը։

«Երգեր և ռոմանսներ» խորագրով համերգ-շնորհանդեսը բաժանված էր «Նվիրում», «Սեր» և «Հույս» խորագրերով երեք ենթաբաժինների․ՀՊՄՀ-ի դասախոսների և ուսանողների կատարմամբ հնչեցին «Լույսի օրոր», «Իմ բարդիներ», «Վարդագույն քաղաք», «Քնքշանք», «Տարիներ», «Միայնակ ենք», «Վերջին քամի», «Ուշացման կայարաններ», «Առանց քեզ», «Սայլորդ», «Ներիր և մոռացիր», «Երբևիցե», «Հազարան բլբուլ», «Պատրանքի թևով» ստեղծագործությունները։

«Նրա երգերն ունկնդրին հայտնի են համակարգչային մշակմամբ։ Ցանկություն առաջացավ դրանք հանձնել թղթին, նոտագրել և հնչեցնել դաշնամուրային նվագակցությամբ։ Դա նաև հնարավորություն է՝ երգերի կատարումները երաժշտական բուհերում, քոլեջներում, մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրահռչակելու համար։ Հեղինակի ցանկությունն էր նաև, որ երգերը ներառվեն կրթական համակարգում․ այսօրվա համերգը դրա վկայությունն է»,- նշեց Արուսյակ Կոստանյանը։