ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երկօրյա գիտաժողով՝ Մանկավարժականում
08.09.2022
Երկօրյա գիտաժողով՝ Մանկավարժականում

Մանկավարժականում մեկնարկեց «Կիլիկիո հայոց կաթողիկոսությունը պատմության քառուղիներում․Սիսից մինչև Անթիլիաս» խորագրով հանրապետական երկօրյա գիտաժողովը։ Այն նվիրված է բուհի 100-ամյակին և անցկացվում է Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։  Զեկույցներով հանդես կգա շուրջ 30 գիտնական՝ հանրապետության գիտական հաստատություններից։

ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը, հատկապես համաշխարհային մարտահրավերների համատեքստում մեր պատմությանն անդրադառնալու, դրա չլուսաբանված կողմերը լուսաբանելու և ինքնությունը կարևորելու տեսանկյունից։ 

Պրոֆեսոր Գևորգյանը հույս հայտնեց, որ ձեռնարկը կնպաստի ինչպես հայագիտության զարգացմանը, այնպես էլ մանկավարժական կրթության խնդիրների վերհանմանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս․ Ժամկոչյանը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության խոսքը, որում նա հույս է հայտնել, որ պատմական անցյալին հայացք գցելով՝ իմաստության առկայության դեպքում հնարավոր կլինի դասեր քաղել լուսավոր ապագա կերտելու համար, իսկ ներկա ժամանակներում անչափ փխրուն հայագիտությունը նման գիտաժողովների միջոցով պիտի ավելի ամրանա։

Լիբանանի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան, Մատենադարանի տնօրեն Շահան արք. Սարգիսյանն էլ փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի օրհնության խոսքը, որում հույս էր հայտնվում, որ մասնակիցները առարկայական և համապարփակ մոտեցումով կուսումնասիրեն Կիլիկիո կաթողիկոսության առանցքային դերակատարությունը մեր պատմության ամենավճռորոշ տարիների՝ հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության և բախտորոշ այլ շրջաններում։

Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը վստահեցրեց՝ հայ եկեղեցու պատմական դերակատարության վերարժևորումը խիստ այժմեական է։ Ապա նկատեց, որ ՀՀ-ի տարեգրության մեջ առաջին անգամ է, որ գիտական լայն և լուրջ քննարկման առարկա է դառնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու դրա առաքելության պատմական ընթացքը։ Զեկույցում էլ ներկայացրեց կաթողիկոսության պատմությունը (1914-1939թթ) արխիվներով, պատմագիտական ուսումնասիրություններն և դրանց կարևորությունը։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ գիտաժողովի թեման գիտական հանրույթին է ներկայացվում առաջին անգամ։ Նա վստահեցրեց, որ պատմաբանների համար այսօր էլ ավելի կարևոր է հայ եկեղեցու՝ որպես հայության ինքնության պահպանման միակ կառույցի, հարցերին անդրադառնալն ու դրանք օբեկտիվ և գիտական հենքի վրա ուսումնասիրել։ Ապա ներկայացրեց Կիլիկիո կաթողիկոսության երուսաղեմապատկան թեմերի փոխանցման գործընթացը և դրա նշանակությունը։

Ֆրանսիացի նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուանի Սիսի կաթողիկոսության մասին աշխատության կարևորությանն անդրադարաձավ ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը՝ նկատելով, որ գիտնականի ներկայացրած փաստերը չկան հայագիտական որևէ աշխատությունում։

Պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը պատմական և համեմատական մեթոդների հիման վրա ներկայացրեց Կիլիկիայի բարբառը, լեզվի վերաբերյալ տեսակետներն ու բնութագրումները, անդրադարձավ լեզվական որոշ խնդիրների։

Պրոֆեսորներ Սուրեն Դանիելյանն ու Վազգեն Համբարձումյանն էլ ներկայացրին  Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանի պատմաբանասիրական պրպտումները՝ ըստ Հակոբ Օշականի և Կիլիկյան հայերենը՝ որպես միջին գրական հայերենի կանոնարկված տարբերակ։ «Սիսը 12-17-րդ դարերի հայ մատենագրության մեջ» թեմային անդրադարձավ   բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան Կիլիկիո հայոց կաթողիկոսությանը վերաբերող մի շարք հարցերի՝ արխիվներից մինչև փոխհարաբերություններ և այլն։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը։