ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երկօրյա համաժողով Մանկավարժականում
30.05.2025
Երկօրյա համաժողով Մանկավարժականում

«Խաղալով» և «Ռուսերեն Today» կրթական նախագծերի և ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց 5-րդ գործնական կրթական երկօրյա համաժողովը:

Մանկավարժական համալսարանում անցկացվող ձեռնարկը մի հարկի ներքո է համախմբել տարբեր երկրների գործնական ռուսերենի դասավանդմամբ զբաղվող մասնագետների՝ դասախոսների, դասագրքերի և ձեռնարկների հեղինակների, դպրոցների տնօրենների, մասնագիտական ամբիոնների վարիչների և այլն:

Ձեռնարկի նպատակն է քննարկել լեզվի ուսումնասիրման տարբեր կողմերը, մասնակիցներին հնարավորություն տալ կիսվելու տարատեսակ մեթոդիկաների, տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձառությամբ, գտնելու արդի խնդիրների գործնականորեն ապացուցված լուծումներ:

Համաժողովի մասնակիցները կունկնդրեն ելույթներ, կլինեն քննարկումներ, կանցկացվեն վարպետաց դասեր, 5-րոպեանոց «բլից» ելույթներում կներկայացվեն հեղինակային նախագծեր:

Ձեռնարկը ողջունեց ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանն ու խորհրդանշական համարեց, որ այն անցկացվում է Մանկավարժական համալսարանում․ կրթական կառույցի առաքելությունն է պատրաստել հիմնարար գիտելիքներով մասնագետ-ուսուցիչների, ովքեր ունենալով անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, կկարողանան արդյունավետորեն իրացնել իրենց մասնագիտությունը։

Պրոֆեսոր Դալյանը ֆորումը եզակի հարթակ համարեց՝ ռուսաց լեզվի ուսուցման, դասավանդման և լեզվի կիրառման հետ կապված ընթացիկ հարցերի քննարկման համար․« Ռուսաց լեզուն և ռուսական մշակույթը չեն կորցրել իրենց դիրքերը։ Ռուսաց լեզուն պարզապես լեզու չէ, այն կենդանի օրգանիզմ, որը մշտապես զարգանում է, հարստանում և հարմարվում նոր պայմաններին։ Չնայած լեզվական քաղաքականության մեջ վերջին տասնամյակների ընթացքում և, մասնավորապես, հետխորհրդային տարածքում տեղի ունեցած փոփոխությունների, ռուսաց լեզուն շարունակում է լայնորեն օգտագործվել և՛ որպես մայրենի լեզու, և՛ որպես այս երկրներում տարբեր ազգությունների մարդկանց միջև լեզվական արգելքը հաղթահարելու միջոց: Այնուամենայնիվ, դրա կիրառման և ուսումնասիրության պայմանները լրջորեն փոխվել են․ներկայումս հետազոտողները պետք է ուսումնասիրեն օտարալեզու միջավայրում ռուսաց լեզվի բնութագրման այնպիսի սոցիալ-լեզվաբանական բնութագրիչներ, որոնք թույլ կտան օբյեկտիվ ներկայացնել այս լեզվի դիրքն այսօր և եզրակացություն անել նրա հեռանկարների մասին մոտ և հեռու ապագայում»:

Նաիրա Դալյանն իր ելույթում պատմականորեն անդրադարձավ ռուսաց լեզվի ուսումնասիրության որակին և լեզվի հնչողությունը, ռուսաց լեզվի ուսուցման խնդիրներին՝ դասավանդման բովանդակությանը, մեթոդներին, տեխնոլոգիաներին և այն մեծանուն գիտնականներին, որոնց շնորհիվ հրատարակվեցին դասագրքեր, մշակվեցին գիտական ձեռնարկներ, դասավանդման նոր մեթոդներ, հիմնադրվեցին ամբիոններ և այլն։

Պրոֆեսոր Դալյանը խոսեց նաև ներկայումս ռուսաց լեզվի դասավանդման և ուսման խնդիրների, լեզվական փոխազդեցությանը, հաղորդակցությանը և այլն։

Համաժողովի ընթացքում եղան զեկույցներ, որոնց ընթացքում անդրադարձան դասավանդման նորագույն մեթոդիկաներին՝ ընդդեմ հնացած մոտեցումների, ռուսերենին՝ որպես միջմշակութային համագործակցության հիմք, աշխարհում ռուսերենի հանրահռչակմանը նպաստող նախագծերին, ռուս գրականության դասերին վիզուալիզացման մեթոդին, ռուսերենի դասաժամերին նախագծային մեթոդի կիրառմանը որպես միջգիտակարգային ուսուցման փորձ հայալեզու լսարանում, օտար լեզուների դասավանդմամբ զբաղվող մանկավարժների մասնագիտական աճին, թվային միջավայրում մանակավարժների անձնական բրենդին և այլն: