Ապրիլի 24-27-ը Մանկավարժական համալսարանի Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ բուհում հյուրընկալվել էին Վիեննայի Բնական պաշարների և լանդշաֆտագիտության և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի համալսարաններիի դասախոսները:
Գործընկերության սկիզբը դրվել էր 2016 թվականին ավստրիական APPEAR դրամաշնորհային ծրագրի «Միջառարկայնությունը Կովկասյան տարածաշրջանում կայուն տուրիզմի զարգացման համար» նախագծի շրջանակներում:
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր վերպատրաստել դասախոսներին, նախապատրաստել տրանսդիսցիպլինար ուսուցման և դաշտային հետազոտական աշխատանքներին:
ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը կարևորեց համագործակցությունն ու այսօրինակ կարևոր ծրագրերի իրականացումը՝ արդյունավետ և եռանդուն աշխատանքային օրեր մաղթելով մասնակիցներին:
Աշխատաժողովի ընթացքում անցկացվեցին դասախոսություններ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ. առաջին օրը կայացավ Հայաստանի և Վրաստանի թիմային աշխատանքների ամփոփում, դաշտային հետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացում:
Օրվա ավարտին հայ և օտարերկրյա դասախոսներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Աշխատաժողովի հաջորդ օրերը նվիրված էին համայնքային հանդիպումներին, որի ընթացքում քննարկումներ ծավալվեցին Դիլիջանում և Մեղրաձորում:
Դրանց մասնակցում էին նաև կայուն տուրիզմի զարգացման հիմնախնդիրներով մտահոգված հասարակական կազմակերպություններ, համայնքապետեր, գյուղացիներ:
Դասախոսները համայնքներում համատեղ ակտիվ քննարկումներ անցկացրին շահառուների հետ, փորձեցին բացահայտել առկա հիմնախնդիրներն ու տուրիզմի զարգացման խոչընդոտները:
Մանկավարժականի արտասահմանցի գործընկերները տպավորված էին համայնքի բնակչության ակտիվությամբ, հյուրընկալությամբ, ինչպես նաև հայկական թիմի բարձր պատրաստվածությամբ, մասնագիտական խորը գիտելիքների և հմտությունների կարողությամբ:
Առավել հագեցած էր աշխատաժողովի վերջին օրը, որի ընթացքում ամփոփվեցին արդյունքներն ու նախանշվեցին հետագա անելիքները:
Հյուրերին անակնկալ էին պատրաստել նաև աշխարհագրության 3-4-րդ կուրսի ուսանողները. փոքրիկ ներկայացումներում վեր հանվեցին Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ներուժն ու և մշակութային բազմազանությունը:
Աշխատաժողովը ծառայեց իր նպատակին. դրա մասին իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրի ղեկավարները:
Անդրեաս Մուհարը, Քրսիտիան Բաունգարդները, Ժոզեֆ Սալկուլաձեն, Աշոտ Խոեցյանը, ինչպես նաև արտաքին փորձագետ Արմեն Գևորգյանը, դոնոր կազմակերպության ներկայացուցիչ Նորա Ալանակյանը շնորհաալություն հայտնեցին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանին և դոցենտ Մարինե Մաթոսյանին՝ ընդգծելով աշխատաժողովի արդյունավետությունն ու արժանի գործընկերության փաստը:
Աշխատաժողովին հրավիրված էին ՀՊՄՀ-ի այլ ֆակուլտետների ներկայացուցիչներ, հրավիրյալ դասախոսներ ԵՊՀ-ից: