ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երվանդ Պետրոսյան.«Ամեն անհատականություն իր մանկության ճշգրիտ պատկերն է»
10.12.2022
Երվանդ Պետրոսյան.«Ամեն անհատականություն իր մանկության ճշգրիտ պատկերն է»

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում կայացավ ֆակուլտետի շրջանավարտ, բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանին նվիրված հուշ-ցերեկույթ:

Հրանտ Մաթևոսյան, Ռազմիկ Դավոյան, Երվանդ Պետրոսյան. ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը բուհի հիմնադրման 100-ամյակի համատեքստում ներկայացրեց Բանասիրականն ավարտած երևելիներին՝ ընդգծելով՝ Երվանդ Պետրոսյանը հատկապես ճանաչված է որպես մանկագիր, նրա ստեղծագործությունները տեղ են գտել դպրոցական դասագրքերում:

Ձեռնարկին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, գրողի ժամանակակիցներ ու հարազատներ:

Երվանդ Պետրոսյանի բեղուն գրչի ներքո ծնվել են բազմաթիվ ժողովածուներ ՝ «Պատուհան», «Անվախճան օր», «Հեքիաթ մոծակի և փղերի մասին», «Ժամանակի ծառը», «Արևի տոնը», «Արագածից Արարատ», «Հազարան հավք», «Գաղտնիքի ծառ», «Մկնագիրք», «Կաթ-կաթ հեքիաթ», «Գիրք ելից», «Պապ ու թոռ» և այլն, որոնց մեջ գերիշխողը մանուկների հանդեպ անթաքույց սերն է:

Ներկաները դիտեցին Երվանդ Պետրոսյանի մասին պատմող տեսաֆիլմ, ապա ներկայացվեց գրողի կյանքից հիշարժան դրվագներ և ստեղծագործություններ:

Դոցենտ Մելինե Գիլավյանն իր զեկույցում անդրադարձավ գրողի մանկական ստեղծագործություններին, գրական վարպետությանն ու պատկերավորման բանարվեստին՝ ընդգծելով՝ «ավանդապահ լինելով նորարար էր և նորարար լինելով՝ ավանդապահ»:

Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Նաիրա Խաչատրյանն էլ նկատում է՝ Երվանդ Պետրոսյանի գրական ժառանգությունը հսկայական հարստություն է, կյանքադարան. և որքա՜ն ճշմարիտ է նրա բնորոշումը՝ ամեն անհատականություն իր մանկության ճշգրիտ պատկերն է:

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ, ծնունդով հնաբերդցի Հովհաննես Սարգսյանը ներկայացրեց գրողի մանկության և պատանեկության ընկերոջ՝ Լյուդվիգ Կարապետյանի հրատարակած «Երվանդ Պետրոսյան. բանաստեղծը երկու սրտով» գիրքը, ուր ներկայացված է գրողի մասին հուշեր՝ մանկությունից մինչև պատանեկություն.«Երվանդ Պետրոսյանը երկու սիրտ ունի՝ մեկը պատկանում է երեխաներին, մյուսը՝ մեծերին»:

Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը հպարտությամբ է նշում՝ ժամանակակից հայ մանկագրության խոշորագույն դեմքերը՝ Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը, Երվանդ Պետրոսյանը Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ են՝ հայրենասեր, ուսումնատենչ մարդիկ, որոնք կրում են հայ ազգի բնավորության լավագույն գծերը:

«Ես շատ վաղուց եմ ճանաչում Երվանդ Պետրոսյանին, նրա փխրուն բնավորությունը, որը թաթախված է մարդասիրությամբ և հայրենասիրությամբ»,-նշեց պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, իսկ Մարտին Գիլավյանի հուշերում Երվանդ Պետրոսյանը մոլի շախմատասերն էր. նրա հետ խաղացած բազմաթիվ շախմատային պարտիաների հետաքրքիր դրվագներ ներկայացվեց հուշ-ցերեկույթում:

Պրոֆեսոր Գիլավյանը ցավով նկատեց՝ հայ գրականագիտական միտքը պարտք ունի մանկական գրականությանը, և ակնարկեց՝ շատ քիչ են տպագրվում մանկական գրականությանը վերաբերող գրականագիտական հոդվածներ:

Ներկաները վերհիշեցին և հուզմունքով ներկայացրին սիրելի ընկերոջ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի հետ կապված հետաքրքիր պատմությունները՝ ընդգծելով՝ Երվանդն իր լույսով ու գործով կլուսավորի հարահոսը: