Բանասիրական ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները հյուրընկալել էին Սերբիայի Հանրապետության Նովի Սադ քաղաքի համալսարանի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, արձակագիր Սավա Դամյանովին:
Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս, գրող, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը ներկայացրեց հյուրին և կարևորեց հատկապես օրվա խորհուրդը՝ հանդիպման միջոցով խոսել գրի ու գրքի մասին:
Սերբ պրոֆեսորն այս օրերին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ցավով է նկատում, որ շուրջ 5 դար օսմանյան լծի տակ գտնված սերբերը չունեն Ցեղասպանության որևէ հուշակոթող:
Սավա Դամյանովը խոսեց իր անցած ճանապարհի, մասնագիտության, երկրի, սերբ երիտասարդության մասին և պատասխանեց ուսանողների հարցերին:
Սավա Դամյանովի մոտ գրականության հանդեպ սերը մանկուց է ծնվել: Դեռևս 20 տարեկանում զբաղվել է լրագրողական գործունեությամբ, շրջագայել աշխարհի տարբեր երկրներում, հեղինակել բազմաթիվ հրապարակումներ, ապա ընթերցողներին ներկայացել իր գրական ձիրքով ու տաղանդով:
«Երբ մտովի հետ եմ նայում, մտածում եմ՝ լրագրողի ազատությունը ճի՞շտ էր փոխել դասախոսական աշխատանքի հետ: Շուտով հասկանում եմ՝ եթե հաջողություններ ես ունենում աշխատանքիդ մեջ, ուրեմն ազատ ես»,-նշեց պրոֆեսորն ու խոստովանեց, որ իր համար հոգևոր-գրական աշխատանքները շատ ավելի կարևոր են, քան վարձատրությունը:
Հյուրը խոսեց նաև իր երկրի մասին և ցավով նկատեց, որ 21-րդ դարում գլոբալիզացիան մոլորակի վրա աստիճանաբար վերացնում է անհատականությունը, համահարթեցնում ու իրար նմանեցնում ամեն ինչ:
Խոսելով հայ և սերբ ազգերի նմանություններից՝ նա առանձնացրեց հատկապես երկու ժողովուրդների երիտասարդների ազատամտությունը:
Նա անդրադարձավ նաև Նովի Սադ քաղաքի համալսարանի և եվրոպական մի շարք բուհերի հետ գոյություն ունեցող գիտակրթական կապերին և ցանկություն հայտնեց Մանկավարժականի հետ ևս հաստատել համագործակցություն՝ հաշվի առնելով երկու երկրների միջև դեռևս 17-18-րդ դարերից եկող ավանդական, գրական-պատմական, հոգևոր կապերն ու ընդհանրությունները:
«Սերբիայի քաղաքական, մշակութային, հասարակական կյանքում հայերը մեծ հետք են թողել: Երկու ազգերի հավատքում ևս ընդհանուր գծեր կան, ինչն օգնել է հայերին ապրել ու արարել առանց ձուլվելու»,-հավելեց Սավա Դամյանովը:
Հանդիպումը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում, ավելի շուտ՝ շաղախվում էր սերբական հրաշալի երգերով, իսկ դահլիճում նստած սերբ երիտասարդ, Գևորգյան ճեմարանի սան Պրեդրագ Միյանովիչը ձայնակցում էր հայրենքի սիրված երգերին: