ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Եթե սիրի, կկանգնի պաշտպանության»
28.04.2016
«Եթե սիրի, կկանգնի պաշտպանության»

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:

Ապագա լրագրողները ծանոթացան արվեստագետի ստեղծագործական գործունեությանը, Արցախյան գոյամարտի մասին նկարահանած վավերագրական ֆիլմերի մանրամասներին, գրական աշխատանքներին:

Հեռուստալրագրության ամբիոնի դասախոս Վարուժան Օլքինյանը, ներկայացնելով իր երկարամյա գործընկերոջը, վստահեցրեց՝ Բակուր Կարապետյանը հայկական հեռուստատեսության պատմության մեջ մեծ ավանդ և ներդրում ունի. Արցախյան ազատագրական պատերազմում նա այն սակավաթիվ վավերագրողններից է, ում աշխատանքի արդյունքը տեսանելի է մինչ օրս:

Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում ներկայացվեց երբեմնի մշակութային կենտրոնի` Շուշի բերդաքաղաքի և նրա շրջակայքի մշակութային ժառանգության մասին պատմող 26 րոպեանոց վավերագրական ֆիլմը՝ հիմնադրումից մինչև մեր օրերը:

Ֆիլմում ներկայացված յուրաքանչյուր խաչքար հեղինակը նմանեցնում է մի մարդու ճակատագրի, իսկ Շուշիի քարերը, ըստ նրա, հիշում են և պատմում իրենց պատմությունը:

Ծագումով արցախցի 8 վավերագրական ֆիլմի հեղինակը, ով խորապես կապված է իր հողին և ջրին, վստահ է՝ մատաղ սերունդը պետք է տեսնի, որ սիրի. եթե սիրի, կկանգնի պաշտպանության:

32 գիրք հրատարակած Բակուր Կարապետյանը ֆակուլտետի գրադարանին նվիրեց իր հեղինակած գրքերից: