Լույս է տեսել «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Սիլվա Ասրյանի «Եվ բացվում է օրը» բանաստեղծությունների ժողովածուն։
Ժողովածուն խորհրդանշում է բացվող օրվա տարբեր ելևէջումները՝ մարդկային մտահոգությունների, ապրումների, զգացմունքների ու հույզերի համապատկերում:
Նրա բանաստեղծությունների տողերում ` աշխարհին, մարդուն ու բնությանն ուղղված նրբին հայացքն է, որի ներքո յուրաքանչյուր «զգացմունք փոխարկվում է բառի»: Հայրենի լեռնաշխարհի հանդեպ յուրաքանչյուր մտորումից ծնված տող շնչում է տաք սիրով ու մարդասիրությամբ, այս աշխարհը ավելի գեղեցիկ ու մարդկանց ավելի բարի տեսնելու ցանկությամբ:
Սիրվա Ասրյանի բանաստեղծական գեղեցիկ պատկերները հայրենի բնության ու մարդկանց հանդեպ լեցուն են ջերմությամբ ու ասելիքով, ժամանակի հոլովույթում դեպի լույսի ակունքը ձգվող մեղեդայնությամբ:
Գրքում տեղ են գտել նաև Արցախի պատերազմի ու կորստի ցավոտ արձագանքները:
«Սիլվա Ասրյանի բանաստեղծական աշխարհընկալման մեջ էական դերակատարություն ունի նրա քնարականությունը։ Այս գրքում էլ հենց բանաստեղծուհու ներաշխարհային ապրումներից առաջացած զգացմունքային-հուզական վիճակներն են, որոնք նրա թախծալից քնարականության վկայություններն են»,- գրքի ներածականում նշում է գրականագետ Ֆելիքս Բախչինյանը։
Սիլվա Ասրյանի «Եվ բացվում է օրը» բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է։ Նրա հեղինակած առաջին՝ «Գիշերային ձյուն» բանաստեղծությունների գրքույկը տպագրվել է 2006 թվականին։