Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Անուշ Դանիելյանի՝ ֆիզմաթ գիտությունների գծով թեկնածուական ատենախոսության ֆրանսիական պաշտպանությունը՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Կոկանյանի և Լորենի համալսարանի պրոֆեսոր Միշել Այլերի համաղեկավարությամբ:
Անուշ Դանիելյանը ծնունդով Քաջարանից է: Բազային կրթությունը ստացել է Պոլիտեխնիկական ինստիտուտում, մագիստրատուրան շարունակել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ֆիզիկայի ամբիոնում: Արդեն չորս տարի Անուշ Դանիելյանը դասախոսում է ՀՊՄՀ-ի ֆիզիկայի ամբիոնում:
Պաշտպանությունը բացառիկ էր այն իմաստով, որ Մանկավարժական համալսարանում առաջին անգամ էր անցկացվում Լորենի համալսարանի դոկտորանտուրայի և ՀՀ ԳԱԱ համատեղ ասպիրանտի թեկնածուականի պաշտպանություն (ֆրանսիական կողմի):
Լորենի համալսարանի ասպիրանտ Անուշ Դանիելյանը ներկայացրեց «Մետաղի իոններով լեգիրված լիթիումի նիոբատ բյուրեղների ֆոտոռեֆրակտիվ և էլեկտրա-օպտիկական հատկությունները» թեմայով աշխատանքը՝ շուրջ հինգ տարվա իր ուսումնասիրությունների ու պրպտումների արդյունքը: Նշենք, որ ուսումնասիրությունների մի մասը Անուշը կատարել է Ֆրանսիայի Լորենի, մի մասը՝ Իտալիայի Պադովայի, մի մասն էլ Հայաստանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:
«Պաշտպանության թեման շատ կարևոր էր երկու՝ կիրառական և հիմնարար տեսանկյուններից: Նախ՝ նման բյուրեղները կարող են մեծ կիրառություն ունենալ հոլոգրաֆիական եղանակով ինֆորմացիայի գրանցման հիշասարքերում, երկրորդ՝ կատարված հետազոտություններն ունեն հիմնարար նշանակություն՝ ֆոտոռեֆրակտիվ երևույթների նկարագրման և բացահայտման տեսանկյունից», նշեց աշխատանքի հայկական կողմի ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Կոկանյանն ու հավելեց, որ կատարվել է և՛ փորձարարական, և՛ տեսական աշխատանք, բացահայտվել են վերոհիշյալ երևույթի պրոցեսի մեխանիզմները»:
Անուշ Դանիելյանի հետազոտական աշխատանքների մասին հոդվածները տպագրվել են եվրոպական հայտնի ամսագրերում, վերջինս էլ մի շարք միջազգային գիտաժողովներում հանդես է եկել զեկուցումներով:
Պաշտպանության խորհուրդը ձևավորվել էր 3 հայ և 3 ֆրանսիացի անդամներից: Ըստ ֆրանսիական կողմի թեմաների պաշտպանության օրենքների՝ մասնագիտական պաշտպանական խորհրդի կազմում էին 2 համահեղինակ և 2-ական անդամ Հայաստանից և Ֆրանսիայից՝ 2 առաջին ընդդիմախոս և 2 փորձագետ. Յանիկ Մուգնիեր (Ֆրանսիա), Կամո Ահարոնյան (Հայաստան, Պոլիտեխնիկ ինստիտուտ, ՀՊՄՀ հրավիրյալ դասախոս), Նարինե Բաբաջանյան (ՀՊՄՀ դոցենտ) և Նինել Կոկանյան (Լորենի համալսարանի պրոֆեսոր), ինչպես նաև Սերգեյ Կոստրիցկի՝ Մոսկվայից հրավիրյալ անդամ:
Պաշտպանության ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում խորհրդի անդամները միաձայն որոշեցին՝ աշխատանքը կատարված է բարձր մակարդակով, և որ ստացված արդյունքներն ունեն կիրառական և ֆունդամենտալ նշանակություն:
Անուշ Դանիելյանը ներկայացվեց ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական կոչման՝ PhD: