Այս տարի լրացավ Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հիմնադիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարլեն Միրզախանյանի ծննդյան 100-ամյակը։ Այդ առիթով Հայաստանի կինոգործիչների միությունը կազմակերպեց «Ակունք» ֆիլմի ցուցադրությունը, որի հեղինակը Դիանա Մարկոսյանն է, ռեժիսորը՝ Արտյոմ Աղասարյանը, օպերատորը՝ Հրայր Սիրականյան և մոնտաժողը՝ Արթուր Փարսյանը։ ֆիլմի ցուցադրությանը ներկա էին մտավորականներ, նրա հիմնադրած ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ՝ ֆիլմարվեստի, թատրոնի, հեռուստալրագրության, երաժշտության ոլորտների ներկայացուցիչներ։
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ինչպես ֆիլմում, այնպես էլ միջոցառման բացմանը խոստովանեց՝ գուցե չի հասցրել ըստ արժանվույն շնորհակալ լինել իր լավ բարեկամին, ուսուցչին, ընկերոջը, լավ մարդուն՝ Կարլեն Միրզախանյանին։
«Ես երջանիկ եմ, որ նրա ու նրա ընտանիքի մտերիմ բարեկամն եմ եղել։ Ինձ ոչ ոք այնքան չի աջակցել, օգնել, որքան Կարլեն Միրզախանյանը։ Այսօր ցուցադրվելու է մի ֆիլմ, որը ես դեռ չեմ տեսել, և երևի այն ես պիտի նկարած լինեի»,-նշեց Հարություն Խաչատրյանն ու ևս մեկ անգամ ընդգծեց՝ հպարտ է, որ Կարլեն Միրզախանյանի սանն է։
Ֆիլմի սցենարի հեղինակ Դիանա Մարկոսյանը Կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Թեև Կարլեն Միրզախանյանն իրեն չի դասավանդել, սակայն լավ է հիշում՝ Կարլեն Միրզախանյանը քայլում էր միջանցքներում, տանտիրոջ իրավունքով և ներկայությամբ «հսկում իր տունը»։
«Սա ոչ թե ֆիլմ է, այլ վավերապատում ամենահարազատ մարդու մասին։ Ֆիլմի ստեղծման ընթացքում փորձում էինք նրա մասնակցությամբ կադրեր գտնել, սակայն չկային․ ընդամենը մի քանի լուսանկար։ Սա վկայում է այն մասին, որ նա գործում էր՝ առանց ձգտելու ներկայացնել իր գործը, վաստակը»,-նշեց ֆիլմի հեղինակն ու հույս հայտնեց, որ այն ներկաների մոտ կառաջացնի ջերմ հիշողություններ։
Դիանա Մարկոսյանը կարևոր համարեց նաև այն, որ ֆիլմի ստեղծագործական խմբի մյուս անդամները ևս, չնայած Կարլեն Միրզախանյանի սաները չեն, բայց ինչ-որ կերպ կապված են նրա գործունեությանը․ ռեժիսոր Արտյոմ Աղասարյանն ավարտել է Կուլտուրայի ֆակուլտետը, իսկ օպերատոր Հրայր Սիրականյանն ուսանել է Կուլտուրայի ֆակուլտետում երկար տարիներ ամբիոնի վարիչ աշխատած և օպերատորների սերունդներ կրթած Ալբերտ Յավուրյանին։
«Ակունք» ֆիլմն այն մասին է, թե ինչպես մասնագիտությամբ պատմաբան Կարլեն Միրզախանյանն իր ողջ կյանքը նվիրեց մանկավարժությանը, հիմնեց և 30 տարի ղեկավարեց ՀՊՄՀ Գեղագիտական դաստիարակության, ապա Կուլտուրայի ֆակուլտետը։ Մեծ է գիտնական Կարլեն Միրզախանյանի ավանդը նաև պատմագիտության զարգացման գործում, սակայն նրա ջանքերի շնորհիվ Կուլտուրայի ֆակուլտետը դարձավ երկրի մշակութային ասպարեզի բարձրորակ մասնագետների պատրաստման կարևոր դարբնոց՝ մասնաշենքի հիմնադրումից մինչև ստեղծագործական մասնագիտությունների ներգրավում։
Այդ կրթօջախում սկիզբ առավ հարյուրավոր երիտասարդ ստեղծագործողների ուղի, որոնք հետո իրենց ոլորտներում պիտի դառնային լավագույնները։ Դա տրամաբանական էր, քանի որ իր ստեղծած դարբնոցում Կարլեն Միրզախանյանը համախմբել էր ժամանակի լավագույններին՝ ստեղծագործող վարպետների, որոնց անունները ոսկե տառերով են գրված հայ ֆիլմարվեստում, երաժշտարվեստում, պարարվեստում և այլ ոլորտներում։ Կազմակերպական ջիղ, բարձր ճաշակ, դիպուկ, սրամիտ խոսքի վարպետ, կոլորիտային մարդ․ այսպես են բնորոշում Կարլեն Միրզախանյանին նրա սաները, որոնք արդեն հայտնի գիտնականներ ու արվեստագետներ են։ Ֆիլմում այդ նույն շրջանավարտներն ու գործընկերներն են, որոնք իրենց խոսքում բարձր են գնահատում իրենց ճակատագրում կարևոր դեր ունեցած մարդուն, ուսուցչին, գիտնականին, գործընկերոջը։ Նրա տարբեր տարիների սաների խոսքով՝ Կարլեն Միրզախանյանն ամենատես և սուր աչք ուներ․ ուսանողի մեջ նկատում էր վաղվա տաղանդավոր արվեստագետին, ապա անում հնարավորը` նրա հաջողության ուղին հարթելու համար։ Ուներ միայն իրեն բնորոշ կազմակերպչական շնորհ ու աշխատանքային նվիրում, որի արդյունքը տասնամյակների պատմություն ունեցող դարբնոցն է, նրա սաները, որոնք մինչ օրս պատվով են կրում Կարլեն Միրզախանյանի ուսանողը լինելու կոչումը։
«Ակունք» ֆիլմի ցուցադրությունն ասես յուրատեսակ հարգանքի տուրք լիներ վաստակաշատ մանկավարժ-գիտնականին, ում անցած հարուստ ու բեղմնավոր ուղին անջնջելի հետք է թողել նրա բոլոր սաների հիշողություններում և տպավորություններում։