ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով` հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի բողոքարկման փուլի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Այս փուլում ֆինանսավորման է երաշխավորվել ևս 8 գիտական թեմա, որոնց ֆինանսավորումը կսկսվի դեկտեմբերից:
Մրցույթի արդյունքում՝ ֆինանսավորման է երաշխավորվել նաև ՀՊՄՀ-ի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Նարինե Սահակյանի՝ «Հեռավար ուսուցման հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը կորոնավիրուսային համաճարակի պայմաններում» թեման:
«Թեմայի ընտրության հիմքում COVID-19-ի պայմաններում կրթական համակարգին ներկայացված մարտահրավերներն են, մասնավորապես՝ համաճարակային իրավիճակում հեռավար ուսուցման արդյունավետ համակարգի ստեղծումը, սովորող-դասախոս հետադարձ կապի հոգեֆիզիոլոգիական և նեյրոֆիզիոլոգիական բնութագրերի սահմանումը վիրտուալ լսարաններում»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Սահակյանն ու հավելեց՝ թեման արդիական է, քանի որ այսօր ամբողջ աշխարհում գիտության և կրթության պատասխանատուները փորձում են լուծումներ գտնել հեռավար ուսուցման ճշգրիտ և գրագետ իրականացման համար:
Նշենք, որ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ընդհանուր թիվը 232-ն է: