ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ֆրանսիացի ժամանակակից երգիչներին ներկայացրին ուսանողները
11.04.2016
Ֆրանսիացի ժամանակակից երգիչներին ներկայացրին ուսանողները

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի Ռոմանական լեզուների ամբիոնը կազմակերպել էր «Ֆրանսիայի ժամանակակից երգիչները» խորագրով միջոցառում:

Բակալավրիատի 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները ներկաներին մի պահ տեղափոխեցին Ֆրանսիա, տեղի սրճարաններ, ուր երիտասարդների զրույցը ֆրանսիական ներկայիս մշակույթի՝ հատկապես ժամանակակից երգիչների մասին էր:

Շառլ Ազնավուր, Էդիտ Պիաֆ, Ջո Դասեն և ֆրանսիացի հանրահայտ այլ երգիչներ, որոնց հաջորդել է երգիչների ներկայիս սերունդը՝ ստեղծագործությունների նոր որակով, ասելիքով ու ոճով:

«Սրճարանում» ուսանողները ոչ միայն ներկայացրին մերօրյա երգիչներին, այլև կենդանի կատարմամբ լսարանին ծանոթացրին նրանց երգերին:
Ի դեպ, ուսանողներին կատարումներով միացան նաև Ստեփանավանի տարբեր դպրոցներից եկած աշակերտները, որոնք բուհում էին Օտար լեզուների ֆակուլտետի հրավերով՝ բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում:

Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը ողջունեց ներկաներին՝ նկատելով, որ ֆրանսերենն այնքան մեծ տարածում չունի մեր երկրում, որքան նախկինում էր՝ պայմանավորված աշխատաշուկայի պահանջներով և լեզուն աշակերտների ընտրությամբ դարձնելով:

«Թշնամուն ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը ոչ միայն կռվել, այլև երգել ու պայքարել գիտի»,-նշեց ամբիոնի վարիչն ու վստահեցրեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կկզամակերպվեն տարաբնույթ այլ ձեռնարկներ ևս՝ մրցույթներ, սեմինարներ, հանդիպումներ:

Ժան Միշել Գասպարյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի՝ համագործակցության և մշակութային գծով խորհրդականն է, ով արդեն 3 ամիս դասավանդում է Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետում: Միջոցառման ընթացքում անթաքույց հիացմունքով նախ հպարտացավ իր ուսանողներով, ապա հավելեց. «Երջանիկ եմ, որ այս սերունդը հետաքրքրված է նաև ֆրանսիական ժամանակակից մշակույթով»:

Սովորելու ցանկություն, պատասխանատվություն և լրջություն ընտրած մասնագիտության հանդեպ. Ժան Միշել Գասպարյանն առանձնացնում է հայ ուսանողի՝ իր համար զարմանալի հատկանիշներն ու կես կատակ-կես լուրջ ավելացնում, որ ֆրանսիացի ուսանողին ստիպում են խոսել, իսկ հայ ուսանողին՝ լռել:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառմանը՝ ֆրանսիացի դասախոսը նկատեց, որ սա շատ լավ ձեռնարկ է ուսանողներին և աշակերտներին միմյանց ծանոթացնելու, նրանց համախմբելու տեսանկյունից. «Մշակույթը երկխոսություն է, ամուր կապ հասարակության տարբեր օղակների միջև»: