Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Պլեներ ՀԱՅԱՍՏԱՆ-2016» խորագրով պլեներային գեղանկարչության միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպվել է Կերպարվեստի ամբիոնի նախաձեռնությամբ:
Մայիսի 1-10-ն անցկացվող սիմպոզիումին մասնակցում են 6 երկրից հրավիրված 16 ճանաչված գեղանկարիչներ, որոնք ձեռնարկի շրջանակներում կմասնակցեն զրույցների, բանավեճերի, կքննարկեն տարաբնույթ խնդիրներ, կիրականացնեն փորձի փոխանակում`վարպետաց դասեր:
Ողջունելով հյուրերին՝ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ չնայած Հայաստանը հայտնի է որպես ամենաարևոտ երկիր, սակայն հյուրերը իրենց հետ ևս արև են բերել:
«Մեր չքնաղ բնությունը իր ամբողջության մեջ տեսնելու համար նաև արև է անհրաժեշտ: Վստահ եմ՝ Հայաստանում անցկացրած օրերին կստանք դրական տպավորություններ, ինչը ստեղծագործական տեսանկյունից կլինի շատ արդյունավետ»- նշեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ միջազգային սիմպոզիումը կռադնա ավանդական և կանցկացվի յուրաքանչյուր տարի:
«Դուք հնագույն պատմություն ունեցող երիտասարդ հանրապետությունում եք»,-հյուրերին ողջունեց Կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը՝ վստահեցնելով, որ միջազգային պլեների կազմակերպումը աննախադեպ, բայցև կարևոր ձեռնարկ է բուհական համակարգում:
Պրոֆեսորի կարծիքով՝ ոլորտի լավագույն նկարիչների մասնակցությունը կնպաստի, որ Մանկավարժականի ուսանողները ուսումնասիրեն նրանց գեղանկարչական վարպետության գաղտնիքները, լսեն մասնագիտական խորհուրդներ, ծանոթանան և ծանոթացնեն իրենց ազգային մշակույթին:
«Մեր երկրի համար դժվարին ժամանակներում անգամ հայ ժողովուրդը պատրաստ է հյուրընկալել և հիացնել իր մշակույթով»,-նշեց Փարավոն Միրզոյանն ու ներկայացնելով 10-օրյա պլեների օրակարգը՝ հավելեց, որ նկարները ցուցադրվելու են նախ Հայաստանի ազգային պատկերասրահում, ապա իրենց տեղը կգտնեն Մանկավարժականի թանգարանում:
Լեհաստանից հայ գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը փոխանցեց մասնակիցների հիացմունքն ու երախտագիտությունը, քանի որ 3 տարի շարունակ փորձել են կազմակերպել և իրականություն դարձնել Հայաստանում սիմպոզիումի կազմակերպումը: Բազմաթիվ պլեներների մասնակցած գեղանկարիչը վստահեցնում է՝ նման ձեռնարկները մեծապես նպաստում են երկրի հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու, Հայաստանը ճանաչելի դարձնելու տեսանկյունից:
Գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀՊՄՀ-ի ռեկտորին հյուրընկալության համար և բուհին հանձնեցին խորհրդանշական նվերներ: Ի դեպ, Անգլիայից ժամանած նկարիչ Օլգա Շիենկոյի նվերն ամենաուրախալին էր հատկապես ուսանողների համար. նրա հրավերով Գեղարվեստական կրթության ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկը հնարավորություն կունենա 10 օրով լինել Անգլիայում, այցելել ցուցադրությունների:
10-օրյա սիմպոզիումը նպատակ ունի հրավիրյալներին ծանոթացնել Մանկավարժական համալսարանի կրթական համակարգին, բուհի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաև խորացնել և զարգացնել տարբեր երկրների հետ կրթական ու մշակութային կապերը:
Ձեռնարկի շրջանակներում կկազմակերպվեն նաև այցելություններ Հայաստանի պատմական և մշակութային տեսարժան վայրեր՝ ծանոթանալու Հայաստան աշխարհին և ավելի մոտիկից զգալու հայ գեղանկարչի ներշնչանքի աղբյուրը: Այցերի ընթացքում նկարիչները կնկարեն համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների՝ ապագա նկարիչ-մանկավարժների հետ, կծանոթանան նրանց ուսումնական գործընթացին, արվեստանոցների պատրաստվածությանը, ներգրավվածությանը կրթական նոր համակարգին:
Սիմպոզիումը կավարտվի Հայաստանի ազգային պատկերասրահում ամփոփիչ ցուցահանդեսով. յուրաքանչյուր հեղինակի մեկական լավագույն աշխատանք կնվիրաբերվի Մանկավարժական համալսարանին: