ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գեղեցիկը՝ մաթեմատիկայում
04.07.2022
Գեղեցիկը՝ մաթեմատիկայում

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում կայացավ  «Կարոտի ճամփաներով» խորագրով հանդիպում-դասախոսություն, որին ներկա էին նրա տարբեր տարիների շրջանավարտներ։

«Այս կյանքում ամենադժվար զգացումը կարոտն է․ այն ապրել է մեզնից յուրաքանչյուրը։ Ժամանակին Իսահակյանի փիլիսոփայական ընդհանրացումներից տխրեցի․ մարդը մեծանում էր, կյանքը գնում, սակայն շարունակում մնալ  բնության մեծագույն հրաշքը։ Կարոտը նաև գեղեցիկ է․․․»,-  հանդիպման մեկնարկին նշեց Համլետ Միքայելյանն ու խոստացավ ՝ խոսելու են գեղեցիկի մասին, որն ընդհանրական հատկություն է, հատուկ  բոլոր իրերին ու երևույթներին։

Պրոֆեսորը նկատում է՝ այն, ինչն ուրախություն է բերում մեր մտքին՝  գեղեցիկն է գիտության մեջ, իսկ խոսելով գիտական գեղեցիկի մասին, գիտնականները սովորաբար կանգ են առնում մաթեմատիկական գեղեցիկի վրա, ինչը հասկանալը կօգնի ապրել։

Համլետ Միքայելյանը չափազանց կարևոր  է համարում մասնագիտական գործունեության մեջ  գեղեցիկի օրենքներով ապրել սովորեցնել նաև  մատաղ սերնդին։

Բանախոսն իր ելույթում  ներկայացրեց թեմայի վերաբերյալ բովանդակային մի շարք ընդհանացումներ՝ հասկանալու՝ արդյո՞ք մաթեմատիկան բավարարում է գեղեցիկի հատկանիշներին։

Գեղեցիկն առկա է ոչ միայն մաթեմատիկայում, այլև ցանկացած գիտության մեջ, սակայն ինչու՞ է բոլոր գիտությունների մեջ հենց մաթեմատիկային հատկացվում «առաջին գեղեցկուհու» դերը, իսկ Կառլ Գաուսն այն համարում «գիտությունների թագուհի» հարցադրմանը Համլետ Միքայելյանը պատասխանում է մեջբերելով հայտնի գիտնականներին՝  մաթեմատիկան ավելին է, քան գիտությունը․  այն լեզու է, որով գրված է բնության  ոսկե գիրքը և  որի միջոցով մենք կարդում ենք մյուս գիտությունները ևս։

Համլետ Միքայելյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձավ նաև մաթեմատիկայի արտաքին և ներքին գեղագիտությանը, մաթեմատիկական գեղեցիկի հատկանիշներին՝ բազմազանությունների միասնությանը, ընդհանրականությանը, ոչ ակնհայտ ճշմարտության իմացությանը և այլն։

Բանախոսը պնդում է՝  մաթեմատիկան մարդկությանը տվել է հզոր մի զենք՝ ապացուցում, ինչն էլ մեծ հավատ է առաջացրել մաթեմատիկայի նկատմամբ և արտահայտում  է ճշգրտություն՝  ամբողջ աշխարհը կրելով իր ուսերին։