ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Ղազախստանի Դպրոցական շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում էին կառույցի գլխավոր տնօրեն Ալինա Դվորեցկայան, գործառնական տնօրեն Անդրեյ Վոդյանովը, միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Նադեժդա Կրավչուկն ու կրթական նախագծերի տնօրեն Ֆիլդա Նաուրուզբաևան:
Հանդիպմանը ներկա էին նաև բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը։
Հյուրերը բուհում էին շախմատի ուսուցման փորձին ծանոթանալու, այն ուսումնասիրելու համար․ մեր երկիրն առաջինն է, ուր Շախմատը դպրոցում ներառել է որպես պարտադիր առարկա:
Հայ գործընկերների հետ քննարկվեց մեր երկրում շախմատային կրթության, դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիալական հիմնախնդիրների, սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման առանձնահատկությունները, հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։
Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց Մանկավարժական մայր բուհը, առաքելությունը, ապա խոսեց բուհում ներդրված «Շախմատ» մասնագիտության, առարկայի կրթական արժեքի, շախմատի միջոցով երեխայի կոգնիտիվ կարողությունների զարգացման հնարավորությունների, 21-րդ դարի սովորողի կարևորագույն կոմպետենցիաների ձևավորման վրա շախմատի ուսուցման ներգործությունը, կրթական գործընթացում ծնողների ներգրավվածության կարևորությունը՝ աջակցության տեսանկյունից։
Բուհի ղեկավարը նշեց՝ «Շախմատ» ինստիտուտն ունի հետազոտական ուղղություն, որում գործունեություն են իրականացնում տարբեր մասնագիտությամբ հետազոտողներ՝ մեթոդիստներ, հոգեբաններ, սոցաշխատողներ և այլն, ապա հավելեց՝ կառույցը նախկինում եղել է լաբորատորիա։
Նա նշեց, որ մշակվել է առարկայի դասավանդման վերաբերյալ հայեցակարգ, տպագրվել են դպրոցական դասագրքեր, մեթոդական նյութեր․կրթության ոլորտում կատարված փոփոխություններն իրենց մշտական անդրադարձն են գտնում նաև դասագրքերում։
Ղազախստանի Դպրոցական շախմատի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալինա Դվորեցկայան հետաքրքրվեց Հայասատանում «Շախմատ» առարկայի զարգացման հեռանկարներով։
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը ներկայացրեց ինտիտուտի գործունեությունն ու ընդգծեց, որ վերջին տարիներին անցկացվել են մեծամասշտաբ գիտաժողովներ՝ կիսվելու կրթական համակարգում շախմատի ինտեգրման մարտահրավերների և հնարավոր լուծումների մասին գաղափարներով, մանկավարժների և պրակտիկ աշխատողների համար ապահովելու հարթակ՝ ներկայացնելու արված հետազոտությունները, ծանոթանալու ոլորտի առաջադեմ զարգացումներին։
Հյուրերը ցանկություն հայտնեցին առավել մանրամասն ծանոթանալ ինստիտուտի գործունեությանն ու հյուրընկալվեցին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում, աշխատակազմին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը մանրամասն ներկայացրեց կառույցի կառուցվածքն ու հիմնական ուղղություննները, շախմատի ուսուցման գործընթացում աշակերտների հոգեբանական հատկությունների ազդեցության հետազոտության մեթոդաբանությունը, դպրոցներում շախմատի դասավանդման ավելի քան 13 տարվա փորձառությունը, ընդգծելով՝ 6000 –ից ավելի ուսուցիչ անցել է վերապատրաստում։
Ղազախստանի Դպրոցական շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները նաև ծանոթացան նախադպրոցական ուսումնական հաստատություններում և ներառական կրթության համակարգում «Շախմատ»-ի դասավանդման մեթոդաբանությանը, տարբեր մեթոդների կիրառման մեխանիզմներին, հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձին, ՀՀ հանրակրթության պետական և «Շախմատ» առարկայի նոր չափորոշչին, ծրագրին և այլն։