ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Գիրքն ապրում է միայն գրադարանում»․ ցուցադրություն Մանկավարժականում
22.04.2022
«Գիրքն ապրում է միայն գրադարանում»․ ցուցադրություն Մանկավարժականում

«Գրքի մասին մահախոսականներն անհիմն են․ գիրքը միշտ կլինի, և այն ապրում է միայն գրադարանում»,-այսօր Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանում կայացած գրքերի ցուցադրությանը նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։

Բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված էին Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի՝ 1904-2022 թվականներն ընդգրկող պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած աշխատությունները։

Ֆակուլտետի գրական հարուստ ժառանգությունը մեծ է․ 114 հեղինակի և համահեղինակի 401 դասագիրք, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկ, մենագրություն, այդ թվում՝ 14 գիտաժողովների ժողովածու, «Պատմություն և հասարակագիտություն» տարեգրքի՝ 2015-2018 թվականներին տպագրված 4 հատոր:

Ցուցադրությանը ներկայացված ամենահին գրքերը՝ պատմաբան, հրապարակախոս, պրոֆեսոր Լեոյի պատմական թեմաներով գրվածքներն էին ու ձեռագիր իրավունքով 1925-1926 թվականներին բազմացված դասագրքերը։

Ցուցադրված վերջին հրատարակությունը՝ պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի՝ 2021 թվականին Անթիլիասում (Լիբանան) հրատարակված «Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման հիմնահարցը Սփիւռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ.)» գիրքն է:

«Գիրքը երբեք չի վերանա մարդկության կյանքից, դրա հետ աշխատանքը սոցիալական այլ պերցեպցիա է, հոգեբանական գործընթաց, որը հնարավորություն է տալիս վերլուծել, վերհանել, մասնագիտական ոլորտում ձևավորել սեփական ձեռագրաբանությունն ու դիմագիծը»,-ցուցադրությանը նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ կարևորելով ցուցահանդեսի անցկացումը, գիրքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ոլորտային ներկայացման գաղափարը։

Բուհի ղեկավարը նկատում է՝ իրավունք չի վերապահի գնահատական տալ ցուցադրված գրքերին․ այդ խնդիրը թող մնա պատմաբաններին։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, ՀՊՄՀ պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, շնորհավորելով բուհի 100-ամյա հոբելյանը, նկատեց՝ Մանկավարժական համալսարանը վերջին տասնամյակում լուրջ ճանապարհ է անցել՝ դառնալով հանրապետության առաջնակարգ բուհերից մեկը և ստիպելով հանրությանը՝ ճանաչելու իրեն․ «Բուհը մշտապես ապրելու իրավունք ունի․ մանկավարժությունն անփոխարինելի ոլորտ է։ Հույս ունեմ, որ պատմագիտությունը ևս իր ծանրակշիռ տեղն ու դերը կունենա Մանկավարժականում»,-հավելեց ակադեմիկոսը ։

Ցուցադրությանը ներկայացված էին Հակոբ Մանանդյանի, Լեոյի, Առաքել Առաքելյանի, Ծատուր Աղայանի, Վարդան Պարսամյանի, Վահան Ռշտունու, Արտաշես Պողոսյանի, Ռուբեն Միրզախանյանի, Լևոն Շիրինյանի, Վանիկ Վիրաբյանի, Ամատունի Վիրաբյանի, Խաչատուր Ստեփանյանի, Սամվել Պողոսյանի, Հմայակ և Ավետիս Հարությունյանների, Տաճատ Սահակյանի, Էդգար Հովհաննիսյանի, ֆակուլտետի մյուս դասախոսների և շրջանավարտ-պատմաբանների հեղինակած գրքեր:

«Ցուցադրություն, որ կազմակերպվում է ոչ թե 100 տարին մեկ, այլ 100 տարվա ընթացքում առաջին անգամ»․ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի դիտարկումն է։ Վերջինս նկատում է՝ ներկայացված գրքերը փաստեցին՝ բուհն ու ֆակուլտետը գրեթե հասակակիցներին են․ ցուցադրությանը ներկայացված գրքերի թիվն անցնում է 100-ը։

Էդգար Հովհաննիսյանը հավելեց՝ գրքերից շատերին ծանոթ է եղել դեռևս ուսանողական տարիներից, սակայն քիչ չէին նաև ֆակուլտետի գիտական հարուստ ժառանագության վերաբերյալ բացահայտումները․«Ցանկացած երևույթ զարգացման մեջ է․եթե հաջորդ սերունդը չի գերազանցում իր նախորդին, ապա հետընթաց է գրանցվում։ Գիրքը հիշողություն է, մարդկության պատմություն և գիտական ժառանգություն»,-հավելեց բանախոսն ու ուսանողներին հորդորեց խորապես ուսումնասիրել ներկայացված գրքերն ու պատվով շարունակել նախորդների գործը։

Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն վարիչի պաշտոնակատար Ամատունի Վիրաբյանն էլ վստահ է՝ գիրքը կլինի բոլոր ժամանակներում, սակայն ապագայում կփոխվի դրա «ֆիզիկական ձևը»․ պատմությունն է վկայում։

Զավեն Գրիգորյան, Մանվել Զուլալյան, ոլորտի նշանավոր այլ անուններ․պրոֆեսորը հուզումնալից համարեց ցուցադությունը՝ նկատելով, որ գրքերի միջոցով այսօր «տեսավ» մի շարք մարդկանց դիմանակարներ։

Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նկատում է ՝ առանց գրքի, գրականության որևէ տեղ չես հասնի։ Բանախոսը հույս ունի՝ գրական ժառանգությունը կլինի այն կռվանը, որ կպահպանի և կհավերժացնի բուհի գոյությունը։

«Պետք է մշտապես ծանոթ լինել սկզբնաղբյուրներին․ միայն այդ դեպքում է հնարավոր հաջողել»,- վստահ է Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի պրոֆեսորի պաշտոնակատար Էդիկ Գևորգյանը, ում կարծիքով՝ առանց գիտության կրթությունը բավականաչափ թերի կլիներ։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն էլ, դիմելով ցուցադրությանը ներկա ուսանողներին, հորդորեց արժևորել, մտածել սովորեցնող, գիտելիքի աղբյուր հանդիսացող գիրքը․ «Յուրաքանչյուր էջ ստեղծվում է «կռվով»․ գնահատելով դրա ստեղծման դժվարին ընթացքը՝ հնարավոր կլինի արժևորել այն»։

«Մանկավարժներն ու պատմաբանները ցանկացած ազգի ինքնության, տեսակի պահպանման գլխավոր ուժն են»,- նշեց ցուցադրությանը ներկայացված ամենաշատ գրքերի հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր Վանիկ Վիրաբյանը։ Պատմաբանի հորդորն է՝ անկախ տեղապտույտից, հեռու չփախչել գրքից և մշտապես սովորելու ձգտում ունենալ։

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, լրացնելով գործընկերներին և մեկ անգամ ևս արժևորելով գիրքը, ցուցադրությունը գրքի տոն համարեց։

«Պատմությունը սիրում է ճշգրտություն, իսկ պատմական վկայությունները որքան շատ լինեն, եզրակացությունն այքան հավաստի կլինի»,- ցուցադրության ավարտին նշեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանող Ֆելիքիս Բախչինյանն ու եզրափակեց՝ պատմաբաններն իրենց աշխատություններում առաջին պլան են մղում պատասխանատվությունը՝ ազգի և նրա վաղվա օրվա համար։