Արվեստասեր հասարակության դատին հանձնվեց գիտական փայլուն երկու աշխատություն. ՀՀ նկարիչների միության անդամ, արվեստագիտության դոկտոր, դոցենտ, ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանի «Հայազգի ծովանկարիչները» ստվարածավալ գիրքը, որի խմբագիրներն են գեղանկարչության և արվեստաբանության բնագավառում մեծ ավանդ ունեցող նշանավոր երկու մարդիկ`ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանը և ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը, ինչպես նաև Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Արտաշես Քեշիշյանի «Մարդու պլաստիկ անատոմիա» գիրքը:
Մանկավարժական համալսարանում այսօր տեղի ունեցավ երկու գրքի շնորհանդեսը:
ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ներկաներին գրքերի լույսընծայման առթիվ և անդրադառնալով արվեստագետների գործառույթներին՝ մեջբերեց Ռոբերտ Շումանի խոսքերը. «Արվեստագետի կուչումն է լույսով ողողել մարդկային հոգու խորքերը»: «Այս գրքերը ևս մեկ ներդրում են 95 տարվա պատմության արվեստի բնագավառի նվաճումների առումով, որը շեշտադրում է ինչպես արվեստի, այնպես էլ գիտակարգերի մի նոր շերտ, որը բոլորի համար ունի իմացաբանական բնույթ»:
«Հայազգի ծովանկարիչները» գրքի հեղինակ Արա Հակոբյանը նկատեց, որ հայ ժողովուրդը դեռ վաղ ժամանակներից սեր, համակրանք ու պաշտամունք է ունեցել ծովի նկատմամբ.«Գիտության մեջ ինքանվստահ չպետք է լինել, գիտությունը սիրում է ճշգրտություն. այդ սկզբունքն էլ որդեգրելով՝ ստեղծվեց այս գիրքը»,- ասաց Արա Հակոբյանը:
«Մարդու պլաստիկ անատոմիա» գրքի հեղինակ Արտաշես Քեշիշյանը նշեց, որ բժշկության հետ ծանոթությունը սկսվել է ընտանիքից. ծնվել է բժշիկների ընտանիքում:
«Գիրքը կառուցված է պարզ, մատչելի, խիստ համակարգված, հնարավորինս հագեցած տեղեկատվությամբ և ամենակարևորը՝ հայալեզու է: Աշխատանքիս գնահատականը կտան արվեստագետներն ու ժամանակը, սակայն այս օրերին ստացված դրական կարծիքները ուսանոնղերից, գործընկերներից ինձ հույս են տալիս, որ իմ մոտ ինչ-որ բան ստացվել է»,- համեստորեն նշեց Արտաշես Քեշիշյանը:
Հեղինակները շնորհակալություն հայտնեցին գրքի ստեղծման գործում բոլոր ներդրում ունեցած անձանց:
«Ներկայացված երկու աշխատնքներն էլ անհրաժեշտ են արվեստասեր հասարակությանը: Երկու դեպքում էլ արվեստագիտության մեջ մեծ ներդրում է կատարված, երկուսն էլ արժեքավոր գրքեր են»,- նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանը:
Վերջինը, լինելով «Հայազգի ծովանկարիչները» գրքի խմբագիրը, ընդգծեց, որ այն եզակի է, հսկայական ու վիթխարի աշխատանք է կատարված, աշխատությունում ընդգրկված է այնպիսի տեղեկատվություն, որ այլ տեղում դժվար հնարավոր լինի գտնել: Այն արվետսագիտության եզակի գիրք է: Խոսելով «Մարդու պլաստիկ անատոմիա» գրքի մասին՝ Վիգեն Ղազարյանը նկատեց, որ նման հայալեզու գիրք ունենալը մեծ ձեբքբերում է, դժվար է գրել նման թեմայով աշխատանք, քանզի արվեստագետի և բժիշկ-գիտականի համագործակցությունը հեշտ չի կայանում:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանն էլ կոչ արեց ուսանողներին բարեկամանալ գրքի հետ, սիրել այն և շատ կարդալ. «Այս դարաշրջանում կարևոր է նման գրքերի լույսընծայումը, համացանցը մեծ դեր ունի այսօր, սակայն գիտության հիմքերի հիմքը եղել է և մնում է գիրքը»:
«Նման գրքերը պատիվ են բերում մեր ժողովրդին, սրանք բացի հրաշալի ստեղծագործություններից, նաև լավագույն դասագրքեր են ուսանողների համար»,- ասաց Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, Գեղանակարի ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Փարավոն Միրզոյանը, որը ընդգծեց հատկապես Մանկավարժական համալսարանի ռեկտորի դերակատարությունը գրքերի լույսընծայման հարցում:
ՀՊՄՀ-ի Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ, արվետսագիտության թեկնածու Սաթենիկ Մելիքյանը ներկայացրեց «Հայազգի ծովանկարիչները» գրքի վերաբերյալ վերլուծություն՝ նկատելով, որ յուրաքանաչյուր ստեղծագործության գեղարվեստական արժեքի հիմնական չափանիշը հանդիսատեսի վրա նրա ունեցած ներգործության աստիճանն է, որը որոշարկվում է բովանդակության և ձևի սերտ միասնությամբ՝ գիրքը կարելի է համարել հեղինակի փայլուն գեղագիտական մտածողության հանրագումար:
Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսորներ Տարիել Հակոբյանը, Գագիկ Ղազարյանը, այլ արվեստաբաններ:
Գրքերի մասին պատմող տեսանյութը՝ ստորև