ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
30.03.2016
Գիտական խորհրդի նիստում

Համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրի մասին

«2011-2015 թթ. Ռազմավարական ծրագրով նախատեսված հիմնական նպատակները կատարված են և դրանց շարունակական զարգացումը, ինչպես նաև Համալսարանում նախորդ տարիներին իրականացված մի շարք գործընթացներ, բարձրաձայնված խնդիրներ հիմք են հանդիսացել 2016-2020 թթ. Ռազմավարական ծրագրի համար»,- այսօր Մանկավարժական համալսարանում կայացած Գիտական խորհրդի նիստին նշեց Կրթության բարեփոխումների որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը:

Վերջինս քայլ առ քայլ ներկայացրեց ՀՊՄՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ կատարված աշխատանքները, առկա մարտահրավերներն ու նպատակի իրագործման սկզբունքները:

Բարձրորակ կրթության նորագույն մոտեցումներ, արդիական հետազոտություն և նորարարություն, մարդկային ռեսուրսների կառավարում, կողմնորոշված դիմորդներ և ուսումնառողներ, արդյունավետ կառավարում, ֆինանսական կայունություն, ժամանակակից ենթակառուցվածքներ և այլն. Մկրտիչ Ավագյանը ներկայացրեց 7 կետից բաղկացած ծրագրի նպատակները, խնդիրներն ու անհրաժեշտ քայլերը:

Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված փաստաթուղթը, իսկ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց դրա քննարկումը բուհի ամենատարբեր օղակներում:

Երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացը համալսարանում

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց ՀՊՄՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի կենսաբանական միջին տարիքի վերլուծության արդյունքները՝ նշելով, որ 51 ամբիոններից 30-ը մտնում են բարձր ռիսկայնության ցուցանիշում. կենսաբանական միջին տարիքը տատանվում է 51-65 տարեկանի սահմաններում, ինչպես նաև միջին ռիսկայնության ամբիոնները՝շուրջ 14, որտեղ միջին տարիքը 46-50- ի սահմաններում է:

Պրոռեկտորը հանդես եկավ գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներով, մասնավորապես՝ հետամուտ լինել և խիստ շեշտադրել ֆակուլտետներում ուսանողների օտար լեզվի և տեղեկատվական տեխնոլոգիաների իմացությունը, մասնագիտական կադրերի երիտասարդացման նպատակով դեռևս մագիստրոսական կրթության շրջանից օրինակելի և բարձր գիտականություն դրսևորող մագիստրոսներին մոտիվացումը, բոլոր տեսակի գիտական ծրագրերում որպես պարտադիր պայման երիտասարդ խոստումնալից մասնագետների ընդգրկումը:

Կարևորվեց նաև բոլոր տեսակի գրանտային ծրագրերում, վերապատրաստումերում համալսարանի ռազմավարական հեռանկարային միջնաժամկետ գործողությունների պլանավորման ծրագրերի համակարգման գործընթացում երիտասարդ մասնագետների ներառումը, սերնդափոխության բնականոն գործընթացի պլանավորումը, գիտահետազոտական աշխատանքներում սկսնակ դասախոսներին խթանելու նպատակով վարկանիշային հաշվարկման բաղադրատարրերի մեջ հետազոտական բլանկի, ինչպես նաև ստորաբաժանումներում PDCA գործիքակազմի կիրառումը:

Ընթացիկ հարցեր

Պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց Նախապատրաստական բաժնի կանոնակարգը, 2016-2017 ուսումնական տարվա մասնագիտությունների ուսման վարձերն ու ուսումնական պլանը, մագիստրոսի և բակավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման համակարգի մասնագիտությունների ուսումնական պլանների վերաբերյալ՝ նկատելով, որ առաջիկա ուսումնական տարում բուհում կներդրվեն նոր մասնագիտություններ:

Մհեր Մելիք-Բախշյանը հաստատման ներկայացրեց նաև 2016-2017 ուսումնական տարվա վճարովի համակարգի, ըստ կրթական ծրագրերի՝ մասնագիտությունների ընդունելության տեղերի և ուսման վարձավճարների չափերի մասին հրամանի նախագծերը:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց, իսկ Գիտական խորհուրդը հաստատեց Գիտահետազոտական կնետրոնի կանոնակարգը, 4 թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու տպագրության երաշխավորեց ներկայացված ձեռնարկները:

Փակ քվեարկության արդյունքում գիտական կոչումների ներկայացված արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Մելիքյանին, պատմական գիտությունների թեկնածու Նելլի Մինասյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում, իսկ դոցենտ Վաչագան Նավասարդյանին՝ պրոֆեսորի:

Ռուբեն Միրզախանյանը հանձնեց 1 պրոֆեսորի և 11 դոցենտի գիտական կոչում, ապա շնորհավորեց հոբելյարիներին:

Երկար տարիներ բուհում մանկավարժական գործունեություն ծավալած պրոֆեսոր Արկադի Շեկունցին, որի 80-ամյա հոբելյանը վերջերս էր լրացել, ռեկտորը ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունից հանձնեց նախարարության «Ոսկե մեդալ»: