2016-2017 ուսումնական տարվան ընդառաջ՝ կայացավ ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի նիստը: Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ամսվա հոբելյարներին շնորհավորեց ծննդյան, իսկ խորհրդի անդամներին նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ և արգասաբեր գործունեություն:
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը Գիտական խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրեց hամալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, կիրառման և դրանց զարգացման միտումների մասին հարցը՝ նկատելով, որ տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները ծառայում են բարձրորակ կրթության նորագույն մոտեցումների, մարդկային ռեսուրսների արդիական կառավարման ներդրմանը, ժամանակակից ենթակառուցվածքային նպատակների իրագործմանը:
Արա Երեմյանը հավելեց նաև, որ թվայնացված տեխնոլոգիաներն արդյունավետ օգտագործվում են նաև բուհի հանրային ներգրավվածության, սոցիալական համագործակցության և այլ նպատակների իրագործման համար:
«Համալսարանում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրման և կիրառման գործընթացը գտնվում է ուշադրության կենտրոնում»,-վստահեցրեց պրոռեկտորն ու հավելեց, որ արդենիսկ ներդրված մի շարք ծրագրերի և փաթեթների շնորհիվ բուհի ֆինանսա-տնտեսական գործունեությունում և կադրային քաղաքականությունում ապահովվել է բարձր աստիճանի թափանցիկություն, հաշվետվողականություն, վերասկողություն, կտրուկ նվազել են մարդկային սուբյեկտիվ գործոններով պայմանավորված անճշտությունների ռիսկերը:
Գիտական քարտուղար Հասմիկ Պետրոսյանը խորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանի գիտական խորհրդի 2016-2017 ուսումնական տարվա աշխատանքների ծրագիրը, ինչը միաձայն ընդունվեց խորհրդի անդամների կողմից:
Ամբիոնների վարիչների և Բանասիրական ֆակուլտետի դեկանի ընտրություններ
Բանասիրական ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած երկու թեկնածուներ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանն ու բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանը խորհրդի անդամներին ներկայացրին ֆակուլտետի զարգացման իրենց ծրագիրը, ուսումնական գործի կազմակերպման, գիտության ոլորտում, պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ աշխատանքում իրենց անելիքները:
Գիտական խորհրդի 66 անդամներից նիստին ներկա էին 58-ը, ովքեր փակ գաղտնի քվեարկությամբ 46 կողմ, 10 դեմ և 2 անվավեր ձայների հարաբերակցությամբ Բանասիրական ֆակուլտետի դեկան ընտրեցին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանին:
Փակ քվեարկությամբ ընտրվեցին նաև 3 ամբիոնների վարիչներ. Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ ընտրվեց միակ թեկնածու, բժշկական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը (53 կողմ, 3 դեմ և 2 անվավեր), Երաժշտության ամբիոնի վարիչ վերընտրվեց ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը (57 կողմ, 1 դեմ), իսկ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնում՝ պրոֆեսոր Ռուբեն Երզինկյանը (53 կողմ, 3 դեմ, 2 անվավեր):
Ընթացիկ հարցեր
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց «Մխիթար Գոշ» և «Մովսես Խորենացի» անվանական կրթաթոշակների նոր հավակնորդներին՝ 4-րդ կուրսի ուսանողներ Գեղամա Խուդավերդյանին ու Տաթևիկ Անդրեասյանին, ովքեր համապատասխանում են առաջադրված բոլոր պահանջներին: Էդգար Հովհաննիսյանը ներկայացրեց նաև առաջիկայում ֆակուլտետի լսարաններից մեկը Արցախյան ազատամարտի հերոս, ՀՊՄՀ-ի շրջանավարտ Մեխակ Մեխակյանի անունով անվանակոչելու նախաձեռնության մասին՝ ընդգծելով, որ այն սերունդներին հայեցի դաստիարակելու ոչ ֆորմալ տարբերակ է:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի լսարաններից մեկն էլ հայ հայտնի աշխարհագետ Լեմվել Վալեսյանի անվամբ անվանակոչելու առաջարկով հանդես եկավ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը՝ ընդգծելով, որ անգնահատելի է նրա ահռելի աշխատանքը աշխարհագրագիտության ոլորտում:
Գիտական խորհրդի անդամենրը հավանության արժանացրին երկու առաջարկներն էլ: