ՀՊՄՀ Գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանի նախագահությամբ Մանկավարժական համալսարանում կայացավ նոր ուսումնական տարվա Գիտական խորհրդի առաջին նիստը:
Ամբիոնների վարիչների ընտրություն
Գիտական խորհրդի նիստի օրակարգային 1-ին հարցը 5 ամբիոնների վարիչների ընտրությունն էր:
Գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում` Հասարակագիտության ամբիոնի վարիչ ընտրվեց միակ թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Մյուս թեկնածուները՝ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Միքայելյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում:
Վերընտրված ամբիոնների վարիչներից էին նաև Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Նարինե Սահակյանը, Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիակայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը:
Գիտական կոչումների շնորհում
Ընտրության արդյունքներով՝ մանկավարժական գիտությունների դոկտոր Մանուկ Մկրտչյանն ընտրվեց Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի, իսկ մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Եգանյանը՝ Մանկավարժության ամբիոնի դոցենտի պաշտոնում:
Համալսարանի գիտական խորհրդի 2021-2022 ուս.տարվա աշխատանքների ծրագրի մասին
Գիտական խորհրդի 2021-2022 ուս.տարվա աշխատանքների մասին զեկուցեց գիտական քարտուղար Մարիամ Իսպիրյանը: Ընթացիկ տարում գիտական խորհուրդը կքննարկի, կհաստատի բուհի գործունեության ռազմավարական ծրագիրը, պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների ընթացիկ հաշվետվությունները, 2022-2023 ուս. տարվա ընդունելության մասնագիտությունները, ուսումնական պլաններն ու ծրագրերը, ինչպես նաև համալսարանի միջազգայնացմանն ուղղված գործընթացների, համագործակցության, բուհի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը:
Բուհում գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների գործընթացի կազմակերպումը, մանկավարժական պրակտիկայի բարեփոխումների ընթացքը, խորհրդին կից մշտական հանձնաժողովների նախագահների հաշվետվությունները, ուսանողական խորհրդի գործունեությունն ու մի շարք այլ հարցեր ևս կլինեն ՀՊՄՀ-ի Գիտական խորհրդի ընթացիկ տարվա աշխատանքների առանցքում:
Ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքների մասին
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքը, խոսեց թույլ և ուժեղ կողմերից, հանդես եկավ առաջարկություններով: Խորհրդի անդամները ևս արեցին առաջարկություններ, մասնավորապես, ընդգծեցին, որ ավարտական աշխատանքներում պետք է կարևորվի մանկավարժական բաղադրիչը, իսկ ռեկտորն էլ հավելեց՝ գիտական հետազոտությունը կարևորագույն կատեգորիա է, պահանջում է խոր արհեստավարժություն. հետազոտական հիմքի վրա պետք է որդեգրել հետևողական մոտեցում:
Գիտական խորհրդին կից մշտական հանձնաժողովների նախագահների հաշվետվություններ
Գիտական խորհրդին կից մշտական հանձնաժողովների նախագահների հաշվետվությունները խորհրդի նիստում զեկուցեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը. «Հանձնաժողովը քննարկել է համալսարանի դասախոսների գիտական կոչումների համար ներկայացված փաստաթղթերը, դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների թեմաները, հրատարակման նախապատրաստված գրքերը»,-նշեց պրոռեկռորը:
Սրբուհի Գևորգյանն անդրադարձավ նաև 2020-2021 ուսումնական տարվա գործունեությանը, նշելով՝ հանձնաժողովն ունեցել է 2 նիստ, քննարկել և համալսարանի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացրել դոցենտի գիտական կոչման 10 գործ, 1 դոկտորական և 20 թեկնածուական ատենախոսությունների թեմաներ, իսկ հրատարակության երաշխավորման՝ 10 ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ և գիտամեթոդական ձեռնարկ:
Ընթացիկ հարցեր
Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված 11 ատենախոսությունների թեմաները, հրատարակման երաշխավորեց ներկայացված գրքերը: Խորհուրդը հաստատեց նաև 2022-2023 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի (առկա և հեռակա համակարգ) մասնագիտությունները, ընդունելության քննությունները, տեղերն ու ուսման վարձերը: Ի դեպ, բուհի մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկը համալրվել է «Ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն» մասնագիտությամբ:
Ըստ մասնագիտությունների՝ հաստատվեց նաև 2022-2023 ուսումնական տարվա նախապատրաստական բաժնի ուսման վարձավճարները:
Գիտական խորհրդի նիստում որոշեց՝ համալսարանի՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողներին հետմահու պարգևատրել «Մանկավարժական համալսարան» մեդալով:
Ավանդույթի համաձայն՝ Գիտական խորհրդի նիստի ընթացքում ռեկտորը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին: