ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
28.02.2025
Գիտական խորհրդի նիստում

Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը։

Նիստի օրակարգային 1-ին հարցը Ռեժիսուրայի, Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների վարիչների ընտրությունն էր։

Առաջադրված թեկնածուներին, նրանց գիտամանկավարժական գործունեությունը ներկայացրին Գիտական խորհրդի Մշակութային մասնագիտությունների գծով հանձնաժողովի նախագահ Գևորգ Թադևոսյանն ու Բնագիտական մասնագիտությունների գծով հանձնաժողովի նախագահ Մեժլում Երիցյանը։

Գիտական խորհուրդը լսեց նաև առաջադրված թեկնածուներին, նրանց առաջարկած ծրագրային դրույթները, պաշտոնավարման նոր ժամանակաշրջանում անելիքները, հնարավոր համագործակցությունները և այլն։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Ռեժիսուրայի ամբիոնը կշարունակի ղեկավարել առաջադրված միակ թեկնածու, ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմեն Էլբակյանը, իսկ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս պաշտոնակատար Լուսինե Ղուլղազարյանը։

Գիտական խորհուրդը հաստատեց նաև Ռեժիսուրայի և Երաժշտության ամբիոնների պրոֆեսորների թափուր պաշտոններում առաջադրված թեկնածուներին՝ Աիդա Հովհաննիսյանին և Հասմիկ Լեյլոյանին, որոնց գործունեությունը ներկայացրեց Գիտական և ուսումնամեթոդական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Իսպիրյանը։

Գիտական քարտուղարը նաև ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցը՝ գիտական կոչումների հավակնող թեկնածուներին։ Փակ քվեարկության արդյունքում՝ մանկավարժական գիտությունների թեկնածուներ Սևադա Սարգսյանն ընտրվեց պրոֆեսորի, իսկ Անժելա Մինասյանը՝ դոցենտի պաշտոննեում։

Գիտական խորհուրդը լսեց նաև Մանկավարժականում գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի վերաբերյալ զեկույցը։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ներկայացրեց 2024 թվականին իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, ապա խոսեց 2025 թվականին նախատեսվող գործընթացների մասին։

Պրոռեկտորն ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, բազմաթիվ ձեռնարկներ է իրականացնում գիտակրթական ոլորտում՝ ամրագրելով որակական զարգացման շարունակական աճ: Նա անդրադարձավ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող ծրագրերին բուհի մասնակցությանն ու ընդգծեց՝ 2021թվականի համեմատ՝ 2025 թվականին ֆինանսավորումն ավելացել է 4, իսկ նախորդ տարվա համեմատ՝ գրեթե 2 անգամ:

Մարիամ Իսպիրյանը նշեց՝ բուհում գործող 6 բազային թեմաները, որոնք միավորվելով ձևավորել են 3 ինստիտուտ, կշարունակվեն նաև ընթացիկ տարում, ապա հավելեց՝ հաշվի առնելով Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի վարիչի մահվան հանգամանքը, ինչպես նաև բուհի մասնագիտական առանձնահատկություններն ու զարգացման ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները, վերոնշյալ ինստիտուտն առաջիկայում կվերանվանվի Մանկավարժահոգեբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի, որի իրավական ձևակերպումը ԲԿԳԿ-ի կողմից կլինի 2026 թվականին՝ 2025 թվականի հետազոտությունների տպագրությունների արդյունքերի հիման վրա։

Պրոռեկտորն իր ելույթում անդրադարձավ նաև թեմատիկ ֆինանսավորվող ծրագրերին, ներկայացրեց 3 նոր ծրագրերը, ինչպես նաև նպատակային 1 ծրագիր, որ վերահաստատվել է և կշարունակվի նաև 2025 թվականին․«2024 թվականին իրականացվել են դատահոգեբանական, հարկադիր կատարման, տարբեր օրենքների նախագծերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների 29 փորձաքննություն, բուհում կազմակերպվել է 15 գիտաժողով որոնցից 2-ը՝ գիտական այլ կառույցների հետ համատեղ»:

Մարիամ Իսպիրյանը ներկայացրեց նաև նախորդ տարի բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների հրատարակված հոդվածների թիվը, միջազգային ցիտվող ամսագրերում հրապարակումների 2019-2024 թվականների համեմատական աղյուսակն ու ընդգծեց՝ բուհը ձգտում է ընդգրկվել բուհերի վարկանիշավորման QS շարքում:

Նիստում ներկայացվեց նաև գիտական կադրերի ատեստավորման կարգը, բուհում տպագրվող 7 գիտական հանդեսները, մասնագիտական խորհուրդների գործունեությունը, իրականացված վերապատրաստումները։ Պրոռեկտորը հույս հայտնեց, որ դրական դինամիկան կպահպանվի նաև ընթացիկ տարում։

Գիտական խորհրդի հաստատեց ՀՊՄՀ-ում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգում կատարված փոփոխությունները, ինչպես նաև 5 ատենախոսությունների թեմաները։

Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, հանձնեց դոցենտի և պրոֆեսորի վկայականներ: