«Պրակտիկայի կազմակերպման գործում կարևոր է ամբիոնների և ֆակուլտետների աշխատանքը»
Այսօր կայացավ Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր պրակտիկայի կազմակերպմանը:
«Ակտիվություն առցանց հարթակում, պրակտիկայի գործընթացի պլանավորում և իրականացում, մասնագիտական աջակցության որակ, կազմակերպում և կառավարում. ներկայացնելով գործընթացի գնահատման առանցքային ցուցիչները՝ Կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանն անդրադարձավ նաև գնահատման մեթոդաբանությանը: Վերջինս ընդգծեց, որ առցանց հարթակում պրակտիկայի խմբերի ակտիվության և պլանավորման գործընթացի ուսումնասիրությունները, պրակտիկայի արդյունքների պաշտպանության գործընթացի, հաշվետվությունների, թղթապանակների և այլ հաշվետու փաստաթղթերի դիտարկումները վերհանում են գործընթացում բացթողումներն ու թույլ տալիս լրացումներ կատարել հատկապես այդ ուղղություններով:
Պրակտիկայի կազմակերպման գործընթացին Վահան Սարգսյանն անդրադարձավ նաև առանձին ֆակուլտետների օրինակով՝ առանձնացնելով նրանցից յուրաքանչյուրում տեղ գտած ձեռքբերումներն ու բացթողումները՝ բարձր ինտերակտիվությունից մինչև առցանց հարթակում թույլ ներգրավվածություն:
«Ինչպիսի՞ դժվարությունների են հանդիպում պրակտիկայի ընթացքում» հարցի վերաբերյալ 800 ուսանողների շրջանում անցկացված հարցումները Պրակտիկայի կենտրոնին հնարավորություն են տվել ձևակերպելու պրակտիկա անցկացնող հիմնարկների վերաբերյալ որոշակի գնահատականներ: Գնահատման գործընթացում տեղ են գտնում նաև պրակտիկա անցկացնող ղեկավարների առաջարկները, մասնավորապես՝ համեմատաբար ավելի հեռու դպրոցները մոտ դպրոցներով փոխարինելը, սոցիալական ոլորտի պրակտիկայի խմբերը ավելի փոքր թվաքանակով կազմակերպելը և այլն:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ կարևորեց պրակտիկայի բարեփոխումները և նշեց, որ տարիների ընթացքում իրականացված պրակտիկան կրել է ձևական բնույթ: Անդրադառնալով որոշակի մասնագիտությունների գծով պրակտիկայի կազմակերպման առանձնահատկություններին՝ Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ պետք է մշակել որոշակի մոտեցումներ, որոնց շնորհիվ հաստատությունները չեն հրաժարվի պրակտիկա կազմակերպել ՀՊՄՀ-ի ուսանողների համար:
«Մի շարք խնդիրներ էլ պայմանավորված են նաև այն հանգամաքնով, որ ուսումնամեթոդական ողջ աշխատանքը կատարվում է հանրապետությունում: Համալսարանի ստեղծած միջազգային կապերը հնարավորություն կտան քննարկումների, համագործակցության արդյունքում ակադեմիական խմբերի պրակտիկան կազմակերպել արտերկրում»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ տարբեր երկրների դպրոցներն ուսումնասիրելը կտա նոր որակ:
Արտերկրում պրակտիկան կազմակերպելու գործում Ռուբեն Միրզախանյանը կարևորեց նաև դրա բովանդակային մասը՝ նշելով, որ այն պետք է լինի ոչ թե էքսկուրսիա, այլ ունենա հստակ մշակված ամենօրյա, ամենժամյա ծրագիր և լինի երկկողմանի հետաքրքիր համագործակցող երկու բուհերի ուսանողների համար:
«Այդ գործընթացում կարևորագույն և առանցքային դեր ունեն ամբիոններն ու ֆակուլտետները, որ պետք է ակտիվորեն քննարկեն, գտնեն համագործակցության հնարավոր եզրեր. հենց այդ աշխատանքով էլ հնարավոր կլինի գնահատել հօգուտ ուսանողի ամբիոնների և ֆակուլտետների աշխատանքը»,-նշեց ռեկտորը:
ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի աշխատանքը գնահատվեց բարձր
Գիտական խորհրդի անդամներին Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը ներկայացրեց կառույցի անցած տարվա հաշվետվությունը՝ անդրադառնալով ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները:
Ուսանողական կառույցի ղեկավարը վստահեցրեց, որ մշտապես քննարկվում են տարբեր հարցերի վերաբերյալ ուսանողների բողոքները, որում մեծ դերակատարություն ունի բուհի ուսանողակենտրոն քաղաքականությունը:
Սպորտային, մշակութային, սոցիալական և այլ բնույթի միջոցառումներ, որ իրականացվել են 2016 թվականի ընթացքում՝ հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար ուսանողների առօրյան: Ներսիկ Մարգարյանը վստահեցրեց, որ միջբուհական տարբեր մրցաշարերը, ռազմահայրենասիրական միջոցառումներն ու մասնագիտական կողմնորոշման համար տարբեր այցերը նպաստել են ուսանողների համակողմանի զարգացմանն ու հասարակական ակտիվությանը: Վերջինս հավելեց, որ նույն ակտիվությամբ աշխատելու են նաև ընթացիկ տարում՝ նպաստելով, որ ուսանողը համալսարանում իրեն զգա իրազեկված ու պաշտպանված:
ՀՊՄՀ-ի ռեկտորը բարձր գնահատեց ՈՒԽ-ի աշխատանքը և ևս մեկ անգամ հավելեց. «Բուհում ամենից կարևորը ուսանողն է՝ մեր ապագան ու գործընկերը»:
Ընթացիկ հարցեր
Նիստի ընթացքում Գիտական խորհրդի անդամները հաստատեցին ներկայացված որոշման նախագծերն ու քվեարկեցին ատենախոսությունների թեմաների, տպագրության երաշխավորված ձեռնարկների վերաբերյալ: Քվեարկությամբ հաստատվեց նաև «Ալբերտ Յավուրյան» և «Հակոբ Կարապենց» անվանական կրթաթոշակների հավակնորդներ Հայկ Մանուկյանի և Համլետ Ղուկասյանի թեկնածությունը:
Պրոռեկտոր Արա Երեմյանը հաստատման ներկայացրեց նաև գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներում հայցորդների փաստաթղթերի պատրաստման համար վարձավճարների սահմանման վերաբերյալ որոշման նախագիծը:
Գիտական խորհրդի անդամները նիստի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրեցին նաև դոցենտի պաշտոնում առաջադրված թեկնածուներին:
Ավանդույթի համաձայն՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ: