ՀՊՄՀ Գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի նախագահությամբ Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը:
Ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրեց անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձավ բուհի ուսանողների թվին և դրանով պայմանավորված՝ կառույցի ֆինանսական վիճակին:
Սրբուհի Գևորգյանը խորհրդի անդամներին ներկայացրեց նաև բուհի 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունը․ տարվա դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, բաշխվածությունը, ընդհանուր ուսանողների և 1-ին կուրսեցիների թիվն՝ ըստ տարիների, ինչպես նաև դրամական ելքերի բաշխվածությունն ու 2022 թվականի բյուջեի նախահաշիվը:
Վերջինս ֆինանսական գործունեության տեսանկյունից տարին դրական գնահատեց՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսացել դեռևս տարիներ առաջ որոշ մասնագիտությունների գծով ուսման վարձավճարների բարձրացումը. «Ամփոփելով 2021 թվականը՝ պետք է նշել, որ ունենալով նախորդ տարների համեմատ առավել նվազ բյուջե՝ ֆինանսապես կայուն վիճակում ենք և ունենք բարձր տնտեսում»,-հավելեց Սրբուհի Գևորգյանը:
Գիտական խորհուրդը 2021 թվականին իրականացված աշխատանքների և 2022 թվականի բյուջեի նախահաշվի մասին ներկայացված հաշվետվությունն ընդունեց ի գիտություն, հաստատվեց նաև բուհի հաստիքացուցակը:
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն առանձնակի կարևորեց, որ միջազգային գիտաչափական շտեմարաններում հարյուրամյակ մտնող բուհը ներկայացված է որպես հրատարակիչ՝ իր երեք միջազգային հեղինակավոր ամսագրերով և ավելի քան 350 ցիտվող հրապարակումներով. «Արևելյան Եվրոպայի փիլիսոփայական ամսագրերի մեջ 20-րդ, իսկ ԱՊՀ երկրների մեջ՝ 4-րդ հորիզոնականը զբաղեցնող WISDOM-ը, «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ»-ը և «Հատուկ կրթության հայկական ամսագիր»-ը միջազգային հանրությանն այսօր լիարժեք ներկայացնում են բուհի երեք հիմնական գիտահետազոտական ուղղությունները» ։
Բուհի գործունեության մյուս մանրամասներն ամփոփված էին Մանկավարժական համալսարանի 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պատրաստած տեսաֆիլմում:
Ավանդույթի համաձայն՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին։