Կայացավ Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի 2017-2018 ուսումնական տարվա վերջին նիստը:
Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, ապա պրոֆեսորի գիտական կոչման վկայագրեր շնորհեց Լուսինե Ղուլղազարյանին, Արա Հակոբյանին, Կամո Վարդանյանին, իսկ դոցենտի՝ Լիլիթ Սարվազյանին, Սեյրան Շահսուվարյանին, Էդուարդ Մելքոնյանին, Գայանե Ծատուրյանին, Ալվարդ Գրիգորյանին և Սուսաննա Մուրադյանին:
Ներկայացվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքներն ու առաջիկա ուսումնական տարվա կրթական ծրագրերը
Ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը խորհրդին ներկայացրեց ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները՝ ընդգծելով դրանց անցկացման դրական և բացասական կողմերը: Պրոռեկտորը ևս մեկ անգամ փաստեց, որ քննությունների անցկացման էլեկտրոնային համակարգը լիովին արդյունավետ է, իսկ ավարտական աշխատանքների մեծ մասը աչքի են ընկել արդիականությամբ:
«Որոշ աշխատանքներում նկատվել են լեզվաոճական թերություններ, աշխատանքների վերնագրերը չունեն հստակ սահմանումներ, իսկ որոշ դեպքերում էլ հանձնաժողովների նախագահների հաշվետվությունները ձևական են»,-նշեց Մհեր Մելիք-Բախշյանն ու անդրադարձավ նաև ուսանողների գրավոր և բանավոր խոսքի ցածր մշակույթին՝ ամբիոնների վարիչներին հորդորելով պաշտպանության երաշխավորել միայն համապատասխան մակարդակ ունեցող աշխատանքները:
Զեկուցվող հարցի վերաբերյալ ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին հանձնարարվեց նիստերում քննարկել հանձնաժողովների նախագահների արած առաջարկները ու դիտողությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները հաստատելիս հաշվի առնել դրանց արդիականությունն ու բացառել տարեցտարի կրկնվող թեմաները: Հանձնարարվեց նաև ակտիվացնել ուսանողների մասնակցությունը նախաքննական կոնսուլտացիաներին, ինչպես նաև մասնագիտական առարկաների շրջանակներում մշակել և ներդնել հատուկ դասընթաց գիտական ապարատի վերաբերյալ:
Կրթական ծրագրերի մասին զեկույցում Մհեր Մելիք-Բախշյանն ընդգծեց, որ ամբողջովին վերանայվել և լրամշակվել են առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները, հստակեցվել մանկավարժական և ուսումնական պրակտիկաների ժամկետները, կիսամյակային շաբաթները. վերջինի արդյունքում՝ տարվա կտրվածքով երկու շաբաթով կրճատվել է դասախոսների ծանրաբեռնվածությունը:
Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ փաստեց, որ կատարված փոփոխություններն անմիջականորեն վերաբերում են բուհի ամենօրյա աշխատանքին և ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը: Նա հավելեց նաև, որ չնայած 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների թվի էական նվազմանը՝ ձգտել են պահել պրոֆեսորադասախոսական կազմն առանց կրճատումների: Անդրադառնալով ուսումնական ծավալների վերանայմանը՝ ռեկտորը վստահեցրեց, որ կարողացել են դրա սահմանը մոտեցնել հանրապետության բուհական համակարգի միջին չափանիշներին:
Գիտական խորհրդի անդամները հաստատեցին վերոնշյալ երկու հարցերի վերաբերյալ որոշումները:
«Google Classroom հարթակի կիրառումը բուհի ձեռքբերումներից է»
Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Մկրտիչ Ավագյանը ներկայացրեց հարթակի բարելավման նպատակով ստեղծված հանձնախմբի աշխատանքի արդյունքներն ու առաջարկները և ընդգծեց, որ դրանց հիմքում եղել են համակարգի վերաբերյալ ուսանողների և դասախոսների դժգոհությունները:
Գիտական խորհրդում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Google Classroom հարթակը ուսանող-դասախոս հաղորդակցական գլխավոր հարթակն է, որի առաջնային գործառույթը ուսանողների մոտ ստեղծագործականության, քննական մտածողության, ինքնուրույնության խթանումն ու զարգացումն է:
Գիտական խորհուրդն ընդունեց գնահատվող էլեկտրոնային հանձնարարությունների և էլեկտրոնային հարթակում դասախոսի ոււսումնական գործունեության մշտադիտարկման ցուցիչների փոփոխությունների վերաբերյալ որոշում, որը կկիրառվի անմիջապես 2018-2019 ուսումնական տարեսկզբից:
Ռեկտորը հավաստիացրեց, որ պետք է շարունակել կատարելագործել էլեկտրոնային համակարգը և լինել հետևողական՝ նոր ու շոշափելի ձեռքբերումներ ունենալու համար:
Այլ հարցեր
Գիտական խորհուրդն ի գիտություն ընդունեց խորհրդին կից մշտական հանձնաժողովների, 020 և 064 մասնագիտական խորհուրդների նախագահների հաշվետվությունները:
Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց ատենախոսությունների թեմաներն ու հրատարակության երաշխավորված գրքերը:
Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ բուհի 4 աշխատակիցներին շնորհեցին՝ Սամվել Պողոսյանին պրոֆեսորի, իսկ Հայկ Գրիգորյանին, Մարիամ Եղյանին և Լևոն Նազարյանին՝ դոցենտի գիտական կոչումներ, իսկ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թերեզա Ազատյանին ընտրեցին Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի, իսկ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին՝ Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի թափուր պաշտոններում:
Գիտական խորհուրդը որոշում ընդունեց նաև Բանասիրական ֆակուլտետի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն անվանակոչել հայ անվանի գրականագետ, բուհի երջանկահիշատակ պրոֆեսոր Վաչե Պարտիզունու անունով: