«Համալսարանում դասավանդման և կրթության նոր որակական պահանջների ներդրումը ենթադրում է դասավանդման որակի ուսումնասիրություն և գնահատման տարբեր մեխանիզմների կիրառում: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում վերջերս բուհում իրականացվող դասալսումների կազմակերպումը»,- Գիտական խորհրդի այսօրվա նիստում նշեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:
Վերջինս ընդգծեց, որ դասալսումներն անցկացվում են ամբիոնի հաստատած նախնական գրաֆիկով կամ դրանից դուրս՝ դրական համարելով դասալսումներին ամբիոնի վարիչի, դասախոսի, որոշ դեպքերում նաև ֆակուլտետի դեկանի և մեկ մագիստրոսի մասնակցությունը.«Դասալսումներին զուգահեռ իրականացվում են նաև ուսումնական նյութերի վերանայումներ, իսկ դասալսման արդյունքները մանրամասն քննարկվում են ամբիոններում՝ առաջ բերելով խնդրահարույց հարցերի լուծման անհրաժեշտություն»:
Մհեր Մելիք-Բախշյանը զեկույցի ընթացքում անդրադարձավ նաև բացթողումներին. երբեմն բացակայում է ուսանողի և դասախոսի միջև հետադարձ կապը, ցուցադրական նյութը չի համապատասխանում դասախոսության թեմային, ամբիոններում ոչ բոլորն են տիրապետում տեղեկատվական տեխնոլոգիաներին և այլն:
Առաջարկվեց ամբիոնների նիստերում դասալսումների արդյունքները հաշվի առնել հետագայում դասախոսի հետ պայմանագիրը երկարացնելու կամ մրցույթին մասնակցելու ժամանակ, Էլեկտրոնային դասախոսությունները հետագայում օգտագործել մեթոդական ուղեցույցեր և դասագրքեր տպագրելու նպատակով, տեսագրել օրինակելի դասախոսությունները ՝ հասանելի դարձնելով մյուս ամբիոնների համար։
Գիտական խորհուրդը լսելով պրոռեկտորի զեկույցը դասալսումների քննարկումների մասին՝ հաստատեց «Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի դասալսումների մատյան»-ի նախագիծը:
«Դասալսումները չպետք է լինեն ինքնանպատակ և կրեն ձևական բնույթ, իսկ քննարկումները պետք է լինեն գործնական»,-հարցի վերաբերյալ նշեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ նկատելով, որ նոր փոփոխությունները կնպաստեն ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը:
Համալսարանում ուսուցման նոր ձևերի մասին
Համալսարանում կիրառվող ուսուցման նոր ձևերի մասին զեկուցեց Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը, ով վստահեցրեց՝ ՀՊՄՀ-ում Էլեկտրոնային /առցանց ուսուցումը (е-Learning) դասավանդման նոր ինտերակտիվ մեթոդների ներդրումը, ուսումնառության և դասավանդման հեռանկարային ձև է.«Էլեկտրոնային կամ ինտերակտիվ ուսուցումը՝ ուսումնական գործընթացի սուբյեկտներին տրամադրում է մուտք դեպի կրթական ռեսուրսներ և ծառայություններ, ապահովում գիտելիքի տեղեկատվության փոխանակման և արդյունավետ համատեղ աշխատանքի հնարավորություն, գործընթացների օպերատիվություն, չափավոր թափանցիկություն, երկկողմ պատասխանատվության բարձրացում, խթանում է դասախոսների և ուսանողների հաշվետվողականութանը»,-նշեց նա՝ պատահական չհամարելով այն, որ աշխարհի առաջավոր համալսարաններ իրենց ուսումնական գործընթացում կիրառում են էլեկտրոնային կրթության հնարավորությունները :
Մկրտիչ Ավագյանն իր ելույթում ներկայացրեց 2015-16 ուստարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքները՝ սիֆայլ ծրագրային բազայի հիման վրա էլեկտրոնային առցանց ուսուցման հարթակի, էլեկտրոնային մուտքագրման ենթակա դասավանդվող առարկայական ուսումնամեթոդական փաթեթների ստեղծում ու մուտքագրում, ուսանողների և դասախոսների տեղեկատվական բազաների ստեղծում, ծրագրային, տեխնիկակական, կազմակերպչական, մեթոդական, ուսումնական հաղորդակցման առցանց հարթակի ապահովում:
Զեկուցողը ներկայացրեց նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի բարելավման ու հարթակի տեխնիկական բերափոխումներին միտված առաջարկներ:
Ընթացիկ հարցեր
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին համալսարանի գիտական` 9 դոցենտի և 1 պրոֆեսորի կոչումների ներկայացված բոլոր 10 թեկնածուները:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց թեկնածուական 3 ատենախոսություններն ու տպագրության հավակնող ձեռնարկները, իսկ մի քանի ֆակուլտետների դեկաններ՝ անվանական կրթաթոշակառունների անունները: