Համալսարանի Գիտական խորհրդի այս տարվա վերջին նիստում բուհի ռեկտոր Ռուբեն Միիրզախանյանը ներկայացրեց 2016 թվականին իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունը:
Անդրադարձավ համալսարան ընդունվածների և ավարտածների դինամիկային, հանրապետությունում տարեցտարի նվազող ուսանողների ցուցանիշին՝ նկատելով, որ չնայած դրան, ընթացիկ տարին առանձնահատուկ էր Մանկավարժականի համար. այն բուհական համակարգում ամենաշատ թվով ուսանողներ ընդունած հաստատությունն էր:
Ռեկտորը նկատեց նաև, որ Մանկավարժական համալսարանը շարունակում է մնալ հանարապետությունում միակ բուհը, որտեղ տարիներ շարունակ չի բարձրացվել ուսման վարձավճարները, իսկ աշխատակիցների աշխատավարձի չափով՝ այն երկրորդն է:
Համալսարանում 2016 թվականին իրականացված աշխատանքների մասին զեկուցելիս ռեկտորը ներկայացրեց նաև եկամուտների և ծախսերի կառուցվածքը՝ կատարողականը, դրամական միջոցների ելքներն ու ներհոսքը, 2017 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Ներկաները նախահաշվի նախագիծն ընդունեցին ի գիտություն:
Ռուբեն Միրզախանյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհում կատարված հիմնական փոփոխությունները, մասնավորապես՝ Google classroom էլեկտրոնային կրթական նոր հարթակի ներդրումը, պրակտիկայի գործընթացում կատարված լրացումները, միջազգային ցիտվող պարբերականներում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի հրապարակումների թվի ավելացումը.«Զարգացած երկրներում կրթության նոր ձևերը որակի, միջազգայնացման և ձեռքբերումների հիմնական գրավականն են: Անկախ հնչած կարծիքներից՝ այն անհրաժեշտություն է և ժամանակի թելադրանք»,-հավելեց ռեկտորը:
Վերջինս պրակտիկայի գործընթացներում կարևորեց ամբիոնների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ գիտական արդյունավետությամբ պայանավորված մի շարք դասախոսներ հավելյալ կխարախուսվեն:
Նա հորդորեց ամբիոնների վարիչներին ընտրել բակալավրիատի և մագիստրատուրայի լավագույն ուսանողներին՝ բուհի գիտական ներուժը երիտասարադացնելու նպատակով:
Ռուբեն Միրզախանյան իր ելույթն ամփոփեց ամանորյա շնորհավորական ուղերձով՝ բուհի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ կազմին և ուսանողներին մաղթելով բարեկեցություն, ստեղծագործական նվաճումներ և ընտանեկան երջանկություն:
ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը ներկայացրեց 2016 թվականի ընթացքում կառույցի գործունեությանը՝ անդրադառնալով գիտական տարբեր շրջանակներում կատարված աշխատանքներին:
Համեմատելով վերջին տարիներին հրապարակված գիտական աշխատանքների քանակը՝ այդ թվում նաև միջազգային գրախոսվող պարբերականներում, կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ կա նկատելի աճ:
Կամո Վարդանյանը ներկայացրեց նաև Գիտահետազոտական կենտրոնի մասնակցությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովները, հրատարակվող գիտական հանդեսները, վերապատրաստման ծրագրերն ու ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող բազային և թեմատիկ ծրագրերը:
Անդրադառնալավ մագիստրոսական կրթությանը՝ Կամո Վարդանյանը հավաստիացրեց, որ կատարվել են գործընթացի բարելավմանն ուղղված ուսումնասիրություններ, ստեղծվել է մագիստրոսական թեզերի թեմաների բանկ, ինչպես նաև նախագծվել են քննական գործընթացի ձևաչափեր և մշտադիտարկման մեխանիզմներ, իսկ ասպիրանտական (հայցորդական) կրթության համակարգում կազմակերպվել է ասպիրանտների և հայցորդների ընդունելություն, որակավորման քննությունների կազմակերպում, ասպիրանտների և հայցորդների ատեստավորում, գործընթացի հսկողություն և մշտադիտարկում:
Կենտրոնի ղեկավարի զեկույցում տեղ գտան նաև բուհի գիտական լաբորատորիաների և ծրագրերի ընթացիկ տարվա աշխատանքներն ու ձեռքբերումները՝ գիտական հոդվածների հրապարակումից մինչև գիտաժողովների կազմակերպում: