Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը.նախքան օրակարգին անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին խորհրդի անդամ, ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի հիշատակը՝ բարձր գնահատելով նրա ներուժն ու ազդեցությունը բուհի գիտական կյանքում:
Խորհրդի անդամները դիտեցին բուհի 2015 թվականի գործունեության և ամենակարևոր ձեռնարկների մասին պատմող ընդգրկուն ֆիլմ, ապա ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես եկավ ընթացիկ տարում համալսարանում իրականացված աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Ռեկտորը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց 2011-2015 թթ. դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, 2014-2015 թթ. դրամական ելքերի բաշխվածությունը, ուսանողների և 1-ին կուրսեցիների թվաքանակի դինամիկան, ապա նաև՝ Խորհրդի ընդլայնված նիստում հաստատված 2016 թվականի բյուջեն և նույն թվականի դրամական բաշխվածությունը, ինչը Գիտական խորհուրդն ընդունեց ի գիտություն:
Բուհի ղեկավարը, ամփոփելով տարին և անդրադառնալով ուսումնական գործընթացի նորամածություններին, մասնավորապես՝ ինտերակտիվ ուսուցմանը, նկատեց՝ այն գալիք տարում կկիրառվի մյուս կուրսերում ևս. դասախոսը պետք է ըստ պատշաճի մատուցի նյութը, կառուցի դասապրոցեսն այնպես, որ ուսանողը սովորի մտածել:
Անդրադառնալով մագիստրոսական թեզերին՝ Ռուբեն Միրզախանյանը նկատեց՝ թեման պետք է լինի նորույթ.պետք չէ գրել անարժեք ծավալուն աշխատություններ, այլ կատարել ինքնուրույն հետազոտություն և ներկայացնել սեփական աշխատանքի արդյունքը:
Այդ առումով նա կարևորեց մագիստրոսների մասնակցությունը բուհի գիտական լաբորատորիաների աշխատանքներին, ինչպես նաև դասախոսների հոդվածների հրապարակումները՝ միջազգային ամենահեղինակավոր ամսագրերում:
Ռուբեն Միրզախանյանն իր ելույթում կարևորեց նաև բուհի հավատարմագրումը՝ ընդգծելով՝ պետք չէ համեմատվել այլ բուհերի հետ.«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի կրթական համակարգն այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում ևս ունենա զարգացում, քանի որ նման միջավայրում զարգացում ապրում են բոլորը, իսկ Մանկավարժականում պետք է սովորեցնել այնպես, որ բուհի դիպլոմը իրական արժեք ունենա»:
ՀՊՄՀ-ում բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների կատարման մասին Գիտական խորհրդում զեկուցեց Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը:
Վերջինս ներկայացրեց գիտական աշխատանքների շրջանակները, ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից բազային ֆինանսավորվող թեմաների քանակն ըստ տարիների, գիտական թեմաների և գիտաժողովների ֆինանսավորումը, դրանց չափաքանակներն ըստ տարիների:
Գիտական կենտրոնի ղեկավարը նաև ներկայացրեց գիտական քաղաքականության իրավական դաշտի մշակմանն ուղղված աշխատանքները, բուհում անցկացված միջազգային գիտաժողովները, հրատարակչական գործունեությունը, հրատարկված աշխատանքները, միջազգային գրախոսվող պարբերականներում հրատարակված հոդվածները, վերապատրաստումները, մագիստրոսական և ասպիրանտական կրթությանը միտված աշխատանքները:
Կամո Վարդանյանը հատկապես կարևորեց բուհի նորաստեղծ՝ Մաթեմատիկական կրթության գիտական և Հայկական քաղաքակրթության ուսումնասիրման լաբորատորիանները՝ չթաքցնելով՝ կառույցների հետ մեծ հույսեր են կապված.«Կա առաջընթաց, բայց սա բավարար չէ հետազոտական համալսարանի կարգավիճակ ունենալու համար. համատեղ պետք է աշխատել և լուծել մեր առջև ծառացած գիտակա խնդիրները»,-եզրափակեց նա:
Գիտական խորհուրդը որոշեց դրական գնահատել համալսարանում պետական բյուջեից ֆինանասավորվող գիտական թեմաների կատարման գործընթացը, բարձրացնել գիտական գործունեության արդյունավետությունը՝ մասնակցելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի հայտարարած բազային և թեմատիկ ֆինանսավորվող ծրագրերի մրցույթներին, խրախուսել միջազգային գիտական կառույցների հետ իրականացվող ծրագրեր,ինչպես նաև նպաստել վերոնշյալ ծրագրերում մագիստրոսների, երիտասարդ գիտնականների, ասպիրանտների և հայցորդների գործուն մասնակցությունը:
Տարեվերջյան Գիտական խորհուրդն ավարտվեց ամանորյա շնորհավորանքով.բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր լավագույն մաղթանքները հղեց գործընկերներին և նրանց ընտանիքներին: