Մանկավարժական համալսարանում կայացավ Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի կազմակերպած «Հոգեբանական հետազոտություններ» խորագրով ուսանողական 3-րդ գիտաժողովը։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այն կարևորեց ուսանողական հետազոտական կարողությունների ձևավորման, հետագայում ոլորտում գոյություն ունեցող առանձին տեսություններ զարգացնելու տեսանկյունից։ Նա ընդգծում է՝ գիտամեթոդաբանական կարողությունները զարգացնող մասնագետների շնորհիվ է նաև, որ ուսանողներին հաջողվում է անդրադառնալ լայնաշերտ թեմաների, հետազոտել ոլորտում առկա խնդրահարույց թեմաներ։
«Հետազոտական կարողությունների զարգացումն այսօր պարտադիր պահանջ է, ոչ միայն հոգեբանի, գիտական ոլորտի մասնագետի, այլև ուսուցչի համար։ Պատահական չէ «հետազոտող ուսուցիչ» ձևակերպումը․ մասնագետ, որն ունակ է հետազոտելու դասարանի, աշակերտների, ուսուցչական համակազմի, կրթական ոլորտի հիմնախնդիրները, առաջընթացի արտացոլման հնարավորությունները։ 21-րդ դարը հոգեբանության տիրույթի մեկնաբանությունների դար է, որտեղ դուք պետք է շատ լավ ճանաչեք ձեզ, անձին, հասարակության մեջ գործող ուսուցչին՝ հետագայում զարգացնելով ոլորտի վերաբերյալ տեսություններ, հայեցակարգեր»,- ապագա հոգեբաններին խորհուրդ տվեց Սրբուհի Գևորգյանը։
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը գիտաժողովը՝ գիտության խորքերը տանող հարթակ, իսկ համալսարանը՝ հետազոտություն կատարելու կարևոր օղակ է համարում։ Նկատում է՝ ոլորտի առաջատար մասնագետ դառնալու համար միայն մասնագիտական կրթություն ստանալը բավարար չէ․ չափազանց կարևոր է ունենալ հետազոտություն կատարելու հմտություններ։
Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանն էլ ուսանողական ձեռնարկը գիտության մեջ փոքր քայլերով առաջ գնալու կարևոր քայլ է համարում․ այն հնարավորություն կտա ապագայում առավել լավ պատկերացնել ոչ միայն հոգեբանական գիտության, այլև առհասարակ գիտության պահանջներն աշխարհում։
Նա մեծ ձեռքբերում համարեց այն, որ ֆակուլտետում 2-րդ կուրսից սկսած ուսանողը փորձում է համընթաց քայլել գիտության պահանջներին և կարողանում է ներկայացնել գիտական հետաքրքրությունների վերաբերյալ արված իր հետազոտությունները։
Լիագում նիստի զեկուցողներն իրենց ելույթներում ներկայացրին սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների՝ կյանքի և մահվան նկատմամբ արժեքային և իմաստային կողմնորոշումների, երիտասարդների էթնոնույնականության և ինքնաիրացման փոխկապվածության, ավագ դպրոցականների ուսումնական մոտիվացիայի և խմբային համախմբվածության փոխպայմանավորվածության, պատանիների վերահսկողության ուղղվածության տիպերի և դրդապատճառային ոլորտի դրսևորման առանձնահատկությունների վեռրաբերյալ կատարած հետազոտություններն ու եզրակացությունները։
«Հոգեբանական հետազոտություններ» խորագրով գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Կրթության և զարգացման հոգեբանության խնդիրները և Անձի սոցիալ-հոգեբանական խնդիրները մասնաճյուղերում։
Ուսանողները վերհանեցին մի շարք հիմնախնդիրներ, ներկայացրին թեմաների շրջանակներում կատարած հետազոտական աշխատանքներն ու դրանց արդյունքները։ Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։