«Ասում են՝ գրողին ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում»,-իրավացիորեն նկատեց Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովին։
Ֆակուլտետի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ գրողի ծննդյան 150-ամյակի հոբելյանական մեկնարկը տրվեց Գյումրիում գտնվող նրա տուն-թանգարանում՝ գիտաժողովով և գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսով:
«Իսահակյանը թողել է գրական այնպիսի ժառանգություն, որը ժամանակի հետ մշտապես քայլելու է առաջ՝ իր հետ տանելով համամարդկային ու ազգային վսեմ գաղափարներ»,-նշեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Աելիտա Դոլուխանյանը՝ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին:
Նա նկատեց՝ Իսահակյանը հրաշալի թարգմանիչ էր, ծանոթ աշխարհի գրավոր ու բանավոր գրականությանը, որը խստորեն մերժում էր ազգային խտրականությունը ու զգուշացնում էր ոգու սովի սպասվող սպառնալիքի մասին։
ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսների զեկուցումներն անդրադարձ էին Ավետիք Իսահակյանի ստեղծագործության մի շարք խնդիրների:
Ֆակուլտետի փոխդեկան, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Նաիրա Խաչատրյանը «Ավետիք Իսահակյանի սիրո չընդհատվող հեքիաթը» զեկուցման մեջ խորամուխ լինելով բանաստեղծի սիրային պատմությունների լաբիրինթոսում՝ հանգել էր մի հստակ եզրակացման, որ նա հոժարակամ ընտրել է հավերժական սիրահարի ճակատագիրը՝ որպես հոգու ճախրանք։
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Լիլիթ Հովսեփյանի զեկուցման թեման էլ Ավետիք Իսահակյանի պատմվածքներն էին. նա անդրադարձավ հեղինակի՝ 1900-ական թվականներից պարբերական մամուլում, ապա առանձին գրքերով ու «Երկերի ժողովածու»-ների մեջ լույս տեսած պատմվածքներին, որոնք Իսահակյանի կյանքի վերաիմաստավորված պատառիկներն են, ստեղծագործության ուշագրավ մասը և, ի տարբերություն քնարերգության, համեմատաբար քիչ ուսումնասիրված:
«Ավետիք Իսահակյանի հարուստ ու բազմաժանր գրականության մեջ անմոռանալի ու կարևոր են նրա լեգենդներն ու բալլադները, որոնք քաղված են աշխարհի տարբեր ազգերի գրականություններից և ունեն համամարդկային բնույթ»,- իր ելույթում նշեց ամբիոնի դոցենտ Ռուզան Դոլուխանյանը՝ ներկայացնելով դպրոցում դրանց ուսուցման առանձնահատկությունները, ընդգծելով՝ շատերն ունեն մանկավարժական, դաստիարակչական բովանդակություն:
Մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Մարդյանը ներկայացրեց «Ավետիք Իսահակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքի ուսուցումը ավագ դպրոցում»՝ կարևորելով պատմվածքում մարդու աշխատասիրության ու ազնիվ աշխատանքի փառաբանումը, անարդարության դեմ ժողովրդական ըմբոստացումը, իսկ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի պատմական ճակատագրին Ավետիք Իսահակյանի նամակներում, որտեղ պատմական Հայաստանի անցյալը ներկայացված է ոչ միայն որպես հուշագրական նյութ, այլև որպես գաղափարական, հոգևոր ու ազգային դիմագիծ կերտող առանցք:
«Ավետիք Իսահակյանի հուշապատումը կարծես հայ նոր գրականության պատմության դասագիրք լինի. հուշերի միջոցով բանաստեղծը պատկերել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարի հայ գրականության խոշորագույն դեմքերի հուշ-դիմանկարները, պատմել նրանց հետ իր հանդիպումների, բարեկամական զրույցների մասին»,- նշեց ասպիրանտ Հովհաննես Սարգսյանը:
Գիտաժողովն ամփոփեց ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը՝ անդրադառնալով «Աբու-Լալա Մահարի» պոեմի լեզվաոճական շերտերին՝ ներկայացնելով հայ գրականության փիլիսոփայական հենք ունեցող գլուխգործոցի նախապատմությունը, տաղաչափական հատուկ հնարքով գրված պոեմում անհատի ողբերգությունը՝ որպես համամարդկային ցավի ու տառապանքի խտացման արտահայտություն:
Աշոտ Գալստյանը շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրենությանը՝ գրողի հարկի ներքո ջերմ հյուրընկալության, իսկ էքսկուրսավար Լիլիթ Ավետիսյանին՝ թանգարանի նյութերը պատշաճ ու գեղեցիկ ներկայացնելու համար:
«Ճիշտ է, այս տունը շատ ոգեղեն է, բայց այսօր այն հույժ ոգեղեն դարձավ ու ներշնչվեց։ Իսահակյանը միշտ ասել է՝ մարդ պիտի ապրի այնպես, որ թողնի երկու անուն, մեկը տանելու, մյուսը թողնելու: Այսօր ևս մեկ անգամ հաստատվեց, որ նա թողեց անուն և ապրեց որպես լեգենդ՝ մեծապես սիրված ժողովրդի կողմից»,-նշեց թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանն ու հավելեց՝ Իսահակյանը ցուպը ձեռքին շրջեց աշխարհից աշխարհ, կրթվեց ու համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, բայց մնաց ժողովրդական, սիրված, և ժողովուրդը նրան Վարպետ կոչեց։