Մանկավարժական համալսարանում մեկնարկեց արևմտահայ խոշորագույն մանկավարժ, «Նոր դպրոց»-ի հիմնադիր Հովհաննես Հինդլյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողով:
ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնակն կենտրոնի, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնների համատեղ կազմակերպած գիտաժողովին մասնակցում էին Սփյուռքի տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, մտավորականներ, գիտնականներ և հայապահպանության խնդրով մտահոգ մարդիկ:
Գիտաժողովի մասնակիցներին նախ ընդունեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ նրանց հետ քննարկելով Սփյուռքում օր օրի փակման վտանգի առջև կանգնած հայկական դպրոցների հարցը:
Սփյուռքահայ հյուրերը Ռուբեն Միրզախանյանին դիմեցին Սփյուռքի հայկական դպրոցներն ու նրա խնդիրները օրակարգի հարց դարձնելու խնդրանքով՝ հույս ունենալով, որ բուհն իր ամենօրյա աշխատանքում մեծ տեղ կհատկացնի նաև այդ հիմնախնդիրներին: Համաձայնելով, որ խնդիրն իսկապես անհանգստացնող է՝ ռեկտորը նկատեց՝ նախ պետք պատասխանել ինչու՞ է ստեղծվել այդ իրավիճակը և դրանում ի՞նչ կարող են անել Հայաստանն ու Մանկավարժական համալսարանը, ապա հավելեց, որ բուհը մշտապես զբաղվել է և կշարունակի մասնակցել նաև Սփյուռքի համար դասագրքերի ստեղծման կարևորագույն աշխատանքին:
Հյուրերը եղան բուհի թանգարանում, դիտեցին գեղագետ, նկարիչ Լևոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքները, որոնք ցուցադրված էին թանգարանի նախասրահում, ապա մասնակցեցին մանկավարժի 150-ամյակին նվիրված գիտաժողովին:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ ընդգծելով, որ Սփյուռքը եղել և մնում է սրտի պես մշտապես տրոփող ինքնուրույն մի մարմին: Նախարարն ուղերձում կարևորել էր մեծ մանկավարժին մեծարելու, նրա մեծագույն գործն ու անունը մարդկանց հուշերում արթացնելու, կյանքն ու գործունեությունը նրան վայել պատվանդանին բարձր պահելու համար՝ վստահեցնելով, որ անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրում է հայը ստեղծագործում, նրա մտքի արգասիքը պատկանում է իրեն ծնող ժողովրդին:
ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը և բարձր գնահատելով Հովհաննես Հինդլյանի բեղմնավոր աշխատանքը՝ նկատեց. «Նա իր մասնագիտական և սոցիալական բոլոր դերերում մարմնավորել է նորագույն եվրոպական և ազգային դիմագիծը ներկայացնող գաղափարներ, որոնք այսօր էլ ժամանակակից կրթական տեսանկյունից նոր լույս են սփռում այն բովանդակությանը, որը նա որդեգրել էր որպես մանկավարժ»:
Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն էլ հավելեց, որ գիտաժողովը կարծես տուրք մատուցելու առիթ լինի, քանի որ մեր կենսագրությունը մեր անցյալի մեջ է. «Հինդլյանը Պոլսում պատուհան բացեց դեպի եվրոպական մշակույթն ու մանկավարժությունը: Կենսագրության ճանապարհով ընթանալիս՝ մենք վաղվա ուրվագիծն ենք բերում: Բոլորս զոհաբերումի ճամապարհով է, որ գնում ենք բացելու և արմատավորելու կրթության լուսավորության ծիլը»:
Սուրեն Դանիելյանի կարծիքով՝ հայապահպանության գերխնդիրն այսօր էլ սրված է, քանի որ ժամանակի թելանդրանքով Սփյուռքի հարատևության տագնապների պայմաններում մանկավարժական միտքը նեղացվել է՝ հանգեցնելով մեկ գործնական խնդրի՝ հայ մեծացնել, հայկական դպրոց ունենալ, երեխային դարձնել հայերենի ժառանգորդը:
«Լույս, սեր և կյանք…այս կարգախոսն էր ընտրել ուսուցչապետը՝ 20-րդ դարում Թուրքիայի հայոց մեծագույն դաստիարակը, ով սատարում էր մարդուն, ժողովրդին, համայնքի ինքնագիտակցության զարգացմանը, քննադատում էր երկիրը, հանրության արատավոր երևույթները, չէր համակերպվում տիրող իրավիճակին և զգաստության կոչով և գրով նպաստում կյանքի բարօրությանն ու առաջադիմությանը»,-իր խոսքում նշեց Պոլսի Կեդրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումճյանն ու անրադարձավ Կեդրոնական վարժարանում Հինդլյանի ուսուցչությանը, ներկայացրեց աշակերտների վկայություններն ու հուշերը: Նա ափսոսանքով է նկատում, որ կրթության հեղափոխական մանկավարժը Թուրքիայի քաղաքական պայմանների պարագայում չկարողացավ իր մանկավարժական սկզբունքները «Նոր դպրոց»-ից դուրս տարածել:
Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն էլ հավելեց, որ մեծ ուսուցչի, մեթոդիստի առաջ քաշած մանկավարժական դրույթներն ու համոզմունքները 100 տարի անց էլ նույնքան արդիական են և կարող են օգտակար լինել ներկայիս մանկավարժ-գիտնականների, դպրոցական գործի կազմակերպիչների և ծնողների համար. «Հինդլյանի մանկավարժությունը ամբողջությամբ ներծծված է հայ մանուկի ու նրա ապագայի նկատմամբ ջերմ սիրով: Նրա կերպարը, կյանքն ու գործունեությունը հայ մանուկին սիրելու , նրա զարգացման համար պայքարելու լավագույն օրինակ է, ում սիրտը մինչև վերջին վայրկյանը բաբախեց հայ մանուկի և նրա ուժերի հանդեպ հզոր սիրով և հավատով. երանի կարողանանք մեր ուսանողների վարակել հայ մանուկի հանդեպ հինդլյանական սիրով ու հավատով»:
Իրենց զեկույցներում գիտաժողովի մասնակիցները ներկայացրին Հինդլյանի մանկավարժական, հումանիստական հայացքները, նրա մանկավարժական գործունեության մեջ բարոյական դաստիարակության, հատուկ կարիքներով երեխաների հիմնախնդիրներին, ինչպես նաև արժևորեցին ժամանակակից կրթական հարացույցում նրա մանկավարժական հայացքներն ու կրթական գործունեության մոդելը:
Երկօրյա գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը. մասնակիցները կմեկնեն Տավուշի մարզի Կայան ավան: