Մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնների նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանկավարժական մոտեցումների համաբնագրում» խորագրով համահամալսարանական գիտաժողով:
Բուհի հիմնադրման 95-ամյակի առթիվ կազմակերպված գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան տարբեր տարիների վաստակաշատ մանկավարժների գործունեությանը, մասնագիտական հայացքներին, կրթության փիլիսոփայությանն ու արդի մանկավարժության խնդիրներին:
Կազմակերպիչների կարծիքով՝ գիտաժողովը ևս մի առիթ է վերանայելու մեծանուն մանկավարժների անցած ուղին, նրանց մանկավարժական ժառանգությունը, վերհիշելու նրանց ազդեցությունը հայ դպրոցի և մանկավարժական մտքի զարգացման վրա:
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը և հավելեց, որ Մանկավարժական մայր բուհն ունի ռազմավարական նշանակություն երկրի համար: Պրոֆեսորն այն կարծիքին է, թե կարևոր չէ որևէ մեկը ինչպես կկարդա «Մանկավարժություն» առարկան, կարևոր է, թե մանկավարժն ինչպես կմատուցի այդ գիտաճյուղը: Նա իր զեկույցում անդրադարձավ այդ տեսանկյունից չգերազանցված մանկավարժ Մորուս Հասրաթյանին և արդի մանկավարժության խնդիրներին:
Պլենար նիստում պրոֆեսոր Լաուրա Ասատրյանն էլ ներկայացրեց պատմական փաստեր, որոնք խոսում են միջնադարում Առաքել Սյունեցու փիլիսոփայական, գրական, քերականական, մանկավարժական, հոգեբանական մտքի թռիչքի և Սյունիքում հայ դպրության և մանկավարժական մտքի զարգացման բարձր մակարդակի մասին:
«Առաքել Սյունեցու տեսադաշտից՝ որպես հմուտ մանկավարժի, դուրս չեն մնացել երաժշտության տեսության, դրա ուսուցման, ուսուցչի և աշակերտի՝ որպես ուսուցման սուբյեկտ-օբյեկտի փոխհարաբերության հարցերը: Այս համաբնագրում նա անդրադարձել է աշակերտի հանդեպ ուսուցչի պարտականություններին ու պարտավորություններին»,-նշեց Լաուրա Աստարյանն ու անդրադարձավ վաստակաշատ մանկավարժի՝ կրթության փիլիսոփայությանը:
«Նրա մանկավարժական դավանանքն այն է, որ մանկավարժության մեջ ինչ կատարվում է, պետքէ լինի հանուն երեխայի և երեխայի հետ միասին՝ հաշվի առնելով նրա բնատուր, ֆիզիկական և հոգեկան առանձնահատկությունները: Ե´վ ուսուցման, և´ դաստիարակության բնագավառում միշտ պետք է մտածել, թե այս կամ այն դասը, երևույթը, քայլը, գործողությունը ի՞նչ օգուտ կտա երեխային»,-նշեց պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը՝ ներկայացնելով հայտնի սփյուռքահայ մանկավարժ Բաբկեն Մինասյանի մանկավարժական ժառանգությունը:
Աիդա Թոփուզյանը վստահեցրեց, որ գիտնականի մանկավարժական դոկտրինայում իրավունքն ու պարտականությունը միշտ քայլել են կողք կողքի:
«Դաստիարակությունը սիրո գործ է և ոչ դաժանության: Այն ուսուցիչը կկարողանա իսկապես ազդել աշակերտների վրա, որը կգրավի նրանց սիրտը, որը գիտի հանդարտ ու խաղաղ լինել՝ առանց սառը լինելու, ծանր՝ առանց կարծր լինելու, հաստատուն՝ առանց դաժան լինելու, համբերող և մեղմ՝ առանց թույլ լինելու»,-մեջբերելով Բաբկեն Մինասյանին՝ նշեց Աիդա Թոփուզյանն ու ներկայիս և ապագա մանկավարժներին հորդորեց սիրել և սիրվել սաների կողմից:
«Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանկավարժական մոտեցումների համաբնագրում» գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին մասնախմբերում՝ ներկայացնելով այլ հայ մանկավարժների գիտական ժառանգությունը, նրանց մոտեցումներն ու դերը հայ մանկավարժագիտության պատմության ընթացքում: