ՀՊՄՀ-ի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնն ու ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը համատեղ կազմակերպել էին ՄԱԿ-ի 2030թվականի զարգացման օրակարգին նվիրված ֆորում:
Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը կարևորեց ձեռնարկի անցկացումն ու համագործակցությունը՝ ընդգծելով, որ կրթությունը տարբեր երկրների համար ունի ռազմավարական նշանակություն. դրանով է պայմանավորված պետության հզորությունը, միջազգային հարաբերություններում ներկայանալն ու կայուն զարգացման ուղղությամբ աշխատանքների արդյունավետությունը:
«Համալսարան-գործատու համագործակցության կենտրոն»-ի ղեկավար Ռիտա Գևորգյանն էլ հույս հայտնեց, որ ձեռնարկները կլինեն շարունակական և համատեղ ֆորումի անցկացումը հնարավորություն կտա անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել ուսանողներին, նպաստել կայուն զարգացմանը, իսկ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավարն էլ վստահեցրեց, որ թեման ուղղակիորեն կապ ունի ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հետ:
ՀՊՄՀ-ի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը ներկայացրեց կայուն զարգացման համաշխարհային գործընթացը և փոխկապակցված նպատակները՝ վստահեցնելով, որ եթե նախկինում բնապահպանների անհագստությունները շատերն անհիմն էին համարում, ապա ներկայումս գիտությունն ապացուցում է՝ մոլորակն ապակայունացվում է, աղետները՝ աճում:
«Հասել ենք մի փուլ, երբ մոլորակը մեզ հեռացնում է իրենից. մարդկությունը մտել է բնության դեմ պայքարի»,-նշեց պրոֆեսորն ու հավելեց, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի խոցելի են տնտեսապես քիչ զարգացած երկրները, քանի որ պատրաստ չեն փոփոխությունների:
Կարինե Դանիելյանն անդրադարձավ նաև գլոբալ էկոլոգիական ճգնաժամից դուրս գալու արդի քաղաքակրթության ջանքերին, ինչպես նաև այդ ուղղությամբ մեր երկրի անելիքներին՝ հավելելով, որ պետությունները մեղավորություն ունեն հանրությանը հազարամյակի կարևորագույն նպատակներին չտեղեկացնելու գործում:
ՀՀ-ում կայուն զարգացման կրթության մոդելի գործարկմանն անդրադարձավ ԵՊԼՀ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռուբերտ Խաչատրյանը, իսկ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի վարիչ Գայանե Պողոսյանը՝ միջազգային գործընթացներին և ներկայացրեց մեր երկրի ձեռքբերումները:
Դասախոսների և ուսանողների մասնակցությամբ կայացած ֆորումը ամփոփվեց հարց ու պատասխաններով և քննարկումներով: