Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գլոբալ քաղաքացիության կրթություն» («Global Citizenship Education») մրցույթի թեկնածուների ներկայացման առաջին շրջափուլը։ Մրցանակը ֆինանսավորում է Հարավային Կորեան․նպատակն է խրախուսել երիտասարդների համար նախատեսված ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունները, որոնք խթանում են միջմշակութային փոխանակումները, ուսանողների մասնակցությունը հասարակական կյանքին, թվային քաղաքացիությանը։
Ծրագրի շրջանակներում սահմանված է երկու մրցանակ՝ յուրաքանչյուրը՝ 50 հազար դոլար արժողությամբ: Մրցանակները տրամադրվելու են անհատներին, ՀԿ-ներին կամ երիտասարդական կազմակերպություններին, իսկ հաղթողները որոշվելու են միջազգային հանձնաժողովին ներկայացված ծրագրերի գնահատման արդյունքում:
Մրցանակաբաշխության, մասնակցության չափանիշների և դիմելու կարգի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է պաշտոնական կայքում: Հայտերն անհրաժեշտ է գրանցել առցանց հարթակում մինչև սեպտեմբերի 1-ը՝ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության կողմից դիտարկման համար:
























