ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գոբելեն աշխատանքների ուսանողական ցուցադրություն
30.03.2016
Գոբելեն աշխատանքների ուսանողական ցուցադրություն

Գեղարվեստական կրթության ֆակուլտետում այսօր բացվեց ուսանողական գոբելեն աշխատանքների ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին և կանանց մեկամսյակին:

Դիզայնի և դեկորտիվ-կիրառական արվեստի բաժնի 2-3-րդ կուրսերի ուսանողները «Գործվածքի դիզայն» առարկայի շրջանակում ներկայացրել էին շուրջ 35 գոբելեն աշխատանք:

Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը բարձր գնահատեց աշխատանքներում ազգանվեր բովանդակությունը, բայցև ցավով նկատեց, որ գոբելեն աշխատանքների ցուցահանդեսները մեր օրերում սակավ են:

«Այն շատ բարդ և էլիտար արվեստ է. եզակիները կարող են այս արվեստում խոսք ասել,միայն նրանք, ովքեր ունեն օժտվածություն»,-նշեց պրոֆեսորն ու հույս հայտնեց, որ վերոնշյալ խորագրով կկազմակերպվի առավել մեծ ցուցադրություն:

«Հաճելի անակնկալ է տեսնել ֆակուլտետի սրահը գեղեցիկ գոբելեններով զարդարված, սակայն կրկնակի ոգևորող է դրանցում ազգային գուներանգ նկատելու համար, քանի որ ներկա ժամանակներում եվրոպական բազմաթիվ երևույթներ մոռացնել են տալիս ազգայինը»,-նշեց Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ Արա Հակոբյանը և ուսանողներին մաղթեց ոչ միայն հաշվետու, այլև ստեղծագործական ցուցադրություններ:

Առարկայի դասախոսներ Նաիրա Մխիթարյանն ու Նաիրա Թանգամյանը old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին, որ նման ցուցադրություններն ունեն ոչ միայն ուսանողներին ոգևորելու, այլև մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակ, քանի որ այդ դեպքերում ներկայացվում են միայն լավագույն աշխատանքները:

«Իր ստեղծածի մասին քննադատություն լսելիս՝ յուրաքանչյուր մարդ փորձում է ավելի բարձրացնել դրա որակը՝ շտկել թերությունները, կատարելագործել հմտությունները»,-նշեց Նաիրա Մխիթարյանն ու հավելեց, որ անում են ամեն ինչ ուսանողներին տեխնիկական և մասնագիտական հմտություններով զինելու համար:

3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ամիրջանյանը բազմիցս մասնակցել է ցուցահանդեսների՝ փորձելով յուրաքանչյուր աշխատանքում ներդնել սեփական ապրումները, հույզերն ու մտորումները: Ցուցադրությանը ներկայացրել է «Կակաչներ» ստեղծագործությունը, որի գույներում խտացրել է իր հայրենքի անկախությունն ու խաղաղությունը:Կուրսընկերների անունից վստահեցրեց՝ կարևոր է կարծիքների փոխանակումը, յուրաքանչյուրի խոսքը՝ թեկուզ քննադատական. դրանից ոգևորվում են, դառնում ավելի եռանդուն, աշխատասեր և զգոն: