«Տոն է այսօր, մեր կյանքի ամենաերջանիկ տոնը։ Կատարվել է ամենամեծ հրաշքը․ մենք՝ առաջին դասարանցի փոքրիկներս, դարձել ենք գրաճանաչ։ Թող բոլորն իմանան և ուրախանան մեզ հետ․ մի սերունդ ևս դարձավ գրաճանաչ և ողողվեց գիտության լույսով»,- նշեցին ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցի 1ա դասարանի աշակերտներն ու անտառի «փաստաբան» կաչաղակին խնդրեցին բաժանել հրավիրատոմսեր․ ուրախ կլինեն անտառի բնակիչներին նույնպես տեսնել Այբբենարանին նվիրված ավարտական հանդեսին։
Փոքրիկների տառաճանաչության տոնին նվիրված հրավիրատոմս ստացավ նաև ծույլ ու ալարկոտ աղվեսը․ նրա ընկերները վաղուց վերադարձել էին դպրոցից, իսկ ինքը տանն էր, քնած։
Աղվեսը, սակայն, հիշեց՝ տառերը չի ճանաչում և որոշեց օգնություն խնդրել գերազանցիկ նապաստակից, որը կկարդա նամակի բովանդակությունը։ Հրավերի վերաբերյալ մանրամասներն աղվեսը փորձեց ճշտել բժիշկ Այբոլիտից,հետո նաև գայլից։
Գայլը կարդալու փոխարեն կերավ նամակը և տխուր խոստովանեց՝ ինքը ևս անգրագետ է․ չգիտի կարդալ․«Մի տխրիր, աղվեսիկ, արի միասին անտառում շրջենք, միգուցե իմանանք, թե մեզ ուր են հրավիրել», -առաջարկեց աղվեսը։
Անտառի բնակիչները քայլելով հասան գունագեղ ու զարդարված դահլիճ, ուր բոլորն ուրախ էին և նշում էին իրենց կյանքի մեծ տոնը․ սովորել են հայերեն տառերն ու դարձել գրաճանաչ։ Աղվեսն ու գայլը խնդրեցին իրենց ևս կարդալ, գրել նաև երգել սովորեցնել, ինչին ի պատասխան, ստացան նվիրական դասագիրքը՝ Այբբենարանը։
Աշակերտները պատմեցին՝ բոլորն են լավ սովորել, բացի ծույլիկ Արտակից, որը դասի ժամանակ չկարդաց, խզբզեց և այնքան հորանջեց, որ երազում տեսավ կետադրական նշանների վեճն ու իրեն բաժին հասած պատիժը՝ չներել, կախաղան հանել․ «Մեծ դաս քաղեց իր երազից, ու էլ երբեք նա իր կյանքում, անպատրաստ չի ներկայանում»։
Արտակի դասը սերտեցին նաև գայլուկն ու աղվեսը․ խոստացան՝ լավ են սովորելու, կյանքում պետք է պիտանի լինեն։
Աշակերտներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Այբբերանին՝ խոստանալով խելոք լինել, լավ սովորել, ստանալ բազում գիտելիքներ․ «Այբբենարան, այբբենարան, դու՝ ոսկետառ, ոսկեբերան, լցված խինդով, լցված սիրով, ասում ենք քեզ՝ մնաս բարով»,-ամփոփեցին ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցի 1ա դասարանի աշակերտները՝ իրենց հետ տանելով Այբբենարանի պատգամը՝ ինչքան էլ սովորեն, էլի ասեն՝ քիչ բան գիտեն։
1ա դասարանի դասվար, ՀՊՄՀ շրջանավարտ Աննա Գրիգորյանը, որը 21 տարի աշխատում է դպրոցում, հրաժեշտի տոնին խոստովանեց՝ հրաշալի աշակերտներն ունի․ դժվար է՝ բեմադրությամբ ներկայացնել հանդեսը, երբ բեմում դերասաններ չեն, սակայն հաջողեցին։ Նկատում է՝ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են, երբ գործդ սիրով ես անում։
ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը ևս միջոցառումը հաջողված համարեց և շնորհավորեց մեկ սերունդ ևս գրագետ դարձնելու առթիվ։ Տնօրենը գրաճանաչությունն իսկական տոն և կյանքի մեծ նվաճում համարեց։