«Յուրաքանչյուր անհատ ունի իր սիրելի պարբերականը, թերթը: Մեզնից շատերի համար սիրելին «Գրական թերթ»-ն է, որի լույս տեսնելուն անհամբերությամբ սպասում ենք յուրաքանչյուր ուրբաթ: Թերթում զետեղված նյութերը մտերմիկ զրույցներ են ընթերցողի հետ»,-«Գրական թերթ»-ի աշխատակազմի հետ արդեն ավանդական դարձած հանդիպմանը նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը:
Թերթի անցած ճանապարհի, խորագրերի, մատուցվող նյութերի մասին խոսեց նաև Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:
Վերջինս իր ուսանողներին մշտապես հարցնում է և հորդորում կարդալ «Գրական թերթ»-ը. ապագա բանասերները չպետք է հեռու մնան գրական կյանքից:
«Գրական թարգմանությունները, տարակարծությունները, մեր իրականությունում տեղ գտած ստվերային հարցերի մասին համարձակ հոդվածները թերթը դարձնում են առավել հետաքրքիր ընթերցողների համար»,-հավելեց Աելիտա Դոլուխանյանը:
Բանասիրական ֆակուլտետի ուսանողները զգալի մասը «Գրական թերթի» հավատարիմ ընթերցողներն են:
Նրանք համոզված են, որ թերթը ծառայում է երիտասարդների գրական մտածողությանը, որը բացահայտում է երևույթների ներքին, էական կապերը, տալիս բանիմացություն, զարգացնում է սերնդի գրական ճաշակը, օգտակար տեղեկատվություն տալիս ժամանակի գրական ու մշակութային դեմքերի, իրադարձությունների մասին:
«Գրական թերթը մեզ ուղեկցում է դեռ 30-ականներից, ինչը ժամանակի հայացքի մեջ ունի բովանդակային խորք: Թերթը հաջողություն ունի, երբ ընթերցողի կյանքում կարողանում է որևէ բան փոխել, նրան տանել դեպի առաջընթաց ու զարգացում: 80-ականներից թերթը միշտ փորձել է գտնել իրեն, պահպանել խոսքի կշիռն ու ըմբռնումը»,-նշեց Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:
Վերջինս նկատեց՝ փաստ է՝ «Գրական թերթ»-ի ներկայությունը Մանկավարժականում.ուսանողները կարիք ունեն հաղորդակցվելու արժեքների և արժևորումների հետ:
Պրոֆեսոր Մարտին Գիլավյանն իր մտահոգությունը հայտնեց թերթում ժամանակի գրականության հանդեպ գրաքննադատների վերաբերմունքի արտացոլման վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էին նաև «Գրական թերթ»-ի տարբեր տարիների երեք խմբագիրները՝ Նորայր Ադալյանը, Սամվել Կոսյանն ու Կարինե Խոդիկյանը:
Շաբաթաթերթի խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն իր խոսքում նշեց՝ Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետում կա ընթերցողների մեծ խումբ.« Մենք ինչ-որ չափով պատասխանատվություն ենք կրում երիտասարդ ընթերցողների գրական ճաշակին նպաստելու և աշխարհայացք ստեղծելու համար.««Գրական թերթ»-ը գրական պրոցեսներ չի առաջացնում, այլ փորձում է հասնել նրան, որ ընթերցողը հասկը մղեղից կարողանա տարբերել, թերթի գրականագիտական միտքը հասցնել ընթերցողին»:
Գրող, թերթի նախկին խմբագիր Նորայր Ադալյանն էլ նշեց՝ եթե գրողը կարող է հաշվի չնստել ընթերցողի հետ, ապա խմբագիրն ակնկալում է ընթերցողի բարյացակամությունը և դուք՝ ընթերցողներդ, պետք է շահագրգռված լինեք թերթի որակի համար:
Մեր իրականության մեջ ամենաերկարակյաց գրական թերթին ներկաները մաղթեցին երկար ճանապարհ և բազում ընթերցողներ: