«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ արդեն ավանդական դարձած գրքերի պարգևատրման արարողությունը: Հանդիսությանը խրախուսվեցին Բանասիրական ֆակուլտետի ավարտական կուրսերի այն ուսանողները, որոնց դիպլոմային աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը վերաբերում էին հայ նոր և նորագույն շրջանի գրականությանը:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նշեց՝ կյանքը, հատկապես մանկավարժի կյանքը, սովորելու և սովորեցնելու մի անընդհատ շղթա է, որը չի կարող տեղի ունենալ առանց գրքի. «Գրքերը, ինչպես ասում է Չարենցը, մեզ «ուղեկից են դառնում մինչև ի մահ», ուստի պատահական չէ, որ այսօր ևս ձեր կյանքի նոր սկիզբը պիտի արժևորենք գրքով»։
Պրոֆեսորն անկեղծացավ՝ ուսանողների հետ մեծ սիրով է կիսվում իր աշխատանքով՝ լավագույններին նվիրելով արևմտահայ խոշորագույն գրող և քննադատ Հակոբ Օշականին նվիրված «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները. մեկնություն և մանրուքներ» մենագրությունը:
Ապագա բանասերները ստացան նաև սփյուռքահայ և հայրենի ժամանակակից գրողների՝ վերջին տարիներին լույս տեսած մեկ տասնյակից ավելի գեղարվեստական հատորներ:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը գոհ է արդյունքներից․ զգացել է ուսանողների սերն ու նվիրվածությունը գրականության հանդեպ, ինչն էլ նպաստել է, որ առավել հետաքրքրությամբ ուսումնասիրեն հայ գրականության նոր և նորագույն շրջանը:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին պարգևների համար, նշեցին՝ բուհում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ են ստացել, այլև բացահայտել մինչ այդ իրենց անծանոթ անուններ և գրական բարձրարժեք ստեղծագործություններ․«Համալսարանը, հարազատ Բանասիրական ֆակուլտետն իրենց ձևավորել են իբրև մարդ, անհատ, ինչի համար առաջին հերթին երախտապարտ են դասախոսներին»: