Կայացավ Մանկավարժական համալսարանի, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանի՝ «Քո հոգու երգը» գրքի և ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Գիրքը ստեղծվել է մի քանի տարի առաջ, բայց տպագրվեց մի փոքր ուշացումով: Ստեղծագործությունները փոխադրություններ են քանոնի համար, որ ես եմ նվագում, իսկ դաշնամուրային մասը կատարում է ՀՊՄՀ-ի երաժշտության ամբիոնի դասախոս Արուսյակ Կոստանյանը»,-նշեց պրոֆեսորն ու հավելեց, որ գրքում զետեղել է համաշխարհային հայտնի ու սիրված, ինչպես նաև հայ կոմպոզիտորների և ժողովրդական 20 ստեղծագործություններ:
Քանոն, քամանչա, սանթուր, շվի, թավջութակ, ուդ, ֆլեյտա, ջութակ, դուդուկ, սաքսոֆոն և այլ երաժշտական գործիքներով հնչեցին հայտնի ու սիրված ստեղծագործություններ, որոնց փոխադրումը կատարել էր Հասմիկ Լեյլոյանը:
Ի դեպ, կատարումներն ուղեկցվեցին կոնցերտմայստեր Արուսյակ Կոստանյանի և Մարի Մինասյանի դաշնամուրային նվագակցությամբ:
Պրոֆեսորը հավաստեց, որ քանոնի համար գրված ստեղծագործությունները կարելի է մատուցել տարբեր երաժշտական գործիքներով և դրանցից յուրաքանչյուրն ունի մատուցման իր յուրահատկությունները:
Երաժշտագետ Գոհար Շագոյանը ներկայացրեց Հասմիկ Լեյլոյանի ստեղծագործական անցած ուղին, բեմական հաջողություններն ու ձեռքբերումները միջազգային հարթակներում և մեծ ներդրումը հայ երաժշտարվեստում:
Գործընկերները, արվեստասեր մարդիկ և ուսանողները շնորհավորեցին պրոֆեսոր Լեյլոյանին գրքի և ձայնասկավառակի լույսընծայման առթիվ և մաղթեցին նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: Նրանք բարձր գնահատեցին քանոնի հայկական դպրոցի զարգացման գործում Հասմիկ Լեյլոյանի ներդրումը և հավաստիացրին՝ բեմում և լսարանում նա աշխատում է միևնույն նվիրվածությամբ:
Հասմիկ Լեյլոյանը բազմաթիվ ուսումնական և մեթոդական աշխատանքների հեղինակ է, իր երաժշտական ստեղծագործություններով թողարկել է ձայնասկավառակներ, համագործակցում է Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի հետ:
«Քո հոգու երգը» ձեռնարկը նախատեսված է ուսումնական հաստատությունների, ինչպես նաև համերգային ծրագրերի համար: