Բեյրութում վերջերս լույս է տեսել լիբանանահայ գրականագետ, «Զարթոնք» օրաթերթի նախկին խմբագիր Պայծիկ Արապյան-Գալաճյանի «Անմար կանթեղը լույսի» գիրքը՝ նվիրված Մելքոնյան վարժարանի հիմնադրման 90-ամյակին:
Այն հագեցած է լուսանկարներով, ճանաչողական և հուշագրական հարուստ տվյալներով:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի և բուհի նախաձեռնությամբ կայացավ հեղինակի հետ հանդիպումն ու գրքի շնորհանդեսը, որին ներկա էին կրթության և մշակույթի գործիչներ, մելքոնյանցիներ:
Կենտրոնի տնօրեն, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն իր խոսքում կարևորեց Մելքոնյան վարժարանի դերն ու բացառիկ նշանակությունը հայ կրթական միջավայրում՝ ևս մեկ անգամ հիշեցնելով այն հիմնած երախտավորներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյաններին ու նվիրյալ ուսուցիչներին:
Պրոֆեսորն արևմտահայ գրամշակութային կյանքի և ժողովրդի ներկայիս կյանքում անհանգստացնող համարեց երեք հիմնախնդիր՝ Հալեպի փլուզումը, Սփյուռքում և Հայաստանում արևմտահայերենի շարունակական ճակատագիրը և դպրոց-վարժարանների փակման անվերջանալի շքերթը, որոնց հետևանքով հայն ամեն օր օտարվում է մայրենիից ու ակունքներից:
Սուրեն Դանիելյանն արժևորեց գրքի լույսընծայումը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն ամբողջական նյութ է, այլև հարութստ է հեղինակին բնորոշ մարտնչող ոգով, որ ձգտում է մելքոնյանական կոչնակներով արթնացնել հանրության քնած տարրերը:
Ներկաները դիտեցին նաև Մելքոնյան վարժարանի անցած ուղին ներկայացնող փոքրիկ ֆիլմ՝ հիմնադրման օրից մինչև հաստատության բարգավաճման ժամանակներ:
Հանդիպման ընթացքում եղան նաև ելույթներ, իսկ Հայաստանի լրագրողների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը Պայծիկ Արապյան-Գալաճյանին շնորհեց Միության «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալ:
Վերջինս շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու համար և ներկաներին նվիրեց իր մակագրությամբ գրքեր: