ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հյուրընկալել էր Հայաստանում Գյոթեի անվան ինստիտուտի տարածաշրջանային գրասենյակի գերմաներենի դասավանդման փորձագետ Իրիս Ուբելին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հեռանկարները, որոնք միտված են նպաստելու օտար լեզուների դասավանդման գործընթացի բարելավմանը, տարբեր կրթական ծրագրերին ուսանողների մասնակցությանը:
Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սրբուհի Լուլուկյանը կարևորեց նախատեսվող համագործակցային միջոցառումները, որոնք նվիրված կլինեն ՀՊՄՀ-ի հիմնադրման 100–ամյակին:
Տևական ժամանակ է, բուհի օտար լեզուների ֆակուլտետը համագործակցում է Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ:
Նախորդ տարիների համատեղ աշխատանքի արդյունքում բազմաթիվ ուսանողներ են մասնակցել Գյոթեի անվան ինստիտուտի նախագծերին, որի արդյունքում աշխատանքի հնարավորություններ են ստացել ՀՀ տարբեր կրթական հաստատություններում:
ՀՊՄՀ օտար լեզուների և սկզբնական կրթության ֆակուլտետների միջև անցկացված դասընթացների հիմքում ընկած էր միջառարկայական կապը, որի ընթացքում ուսանողները երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ են անցել:
Ներկայացվել են վաղ տարիքում գերմաներեն լեզվի ուսուցման նոր մեթոդները, դրանց գործնական կիրառումը, քննարկվել են օտար լեզուների դասավանդման արդի խնդիրները, ուսումնական նյութերը, փաթեթները, գերմաներեն լեզվի դասավանդման գործընթացում նախագծային աշխատանքների հնարավորությունները:
Համատեղ աշխատանքներից է նաև «Բռնապետությունը և ժողովրդավարությունը ծայրահեղությունների դարաշրջանում» թեմայով ցուցահանդեսը. այն ներկայացնում էր Եվրոպայի 20-րդ դարի պատմությունը՝ որպես ազատության և բռնապետության պայքարի դրամատիկ շրջան:
Ցուցահանդեսի նպատակն էր ուսանողներին ներկայացնել ոչ միայն Եվրոպայի 20–րդ դարի դրամատիկ պատմության էջերը, այլ նաև նպաստել նրանց երկրագիտական իրազեկությունների զարգացմանը:
Թարգմանելով պաստառների տեքստերը և սովորելով թեման՝ ուսանողները զարգացրել են գերմաներեն լեզվի իմացությունը, բառապաշարը, թարգմանչական հմտությունները:
Շարունակելով բարի ավանդույթը՝ ՀՊՄՀ և Գյոթեի անվան ինստիտուտի համագործակցության շրջանակներում ուսանողների և դասախոսների համար Գերմանիայից և Ավստրիայից հրավիրված պրոֆեսորների կողմից կանցկացվեն դասընթացներ:
Առաջիկայում Oտար լեզուների ֆակուլտետը կհամալրվի նոր դասագրքերով.նախատեսվում է քննարկել նաև համատեղ մշակութային տարբեր միջոցառումներ՝ նվիրված ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին: