ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համաձայնագրեր՝ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ
26.03.2018
Համաձայնագրեր՝ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ

Մանկավարժական համալսարանի և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև այսօր կնքվեց միջազգային համագործակցության 7 պայմանագիր:

Դրանց շրջանակներում երկու բուհերը ստանձնում են 2018-2019 ուսումնական տարվա համար համատեղ ներդնել «Պատմություն» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիր՝ կրկնակի դիպլոմի շնորհմամբ. դիպլոմները փոխադարձաբար ճանաչելի կլինեն երկու երկրներում։

Մեկ այլ պայմանագրի հիման վրա Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանում կհիմնվի անգլերեն լեզվով միջազգային հայագիտական հետազոտությունների գծով մագիստրոսական կրթական ծրագիր. երկու համալսարանները համագործակցության շրջանակներում նախաձեռնում են հիմնել հայոց պատմության և մշակույթի գծով համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր։

Կնքվեցին նաև գիտաուսումնական ներուժի զարգացման, ամառային համալսարանական դասընթացների իրականացման միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի իրագործման գործընթացի վերաբերյալ պայմանագրեր, ինչպես նաև ամրագրվեց հայկական գրականությամբ ՊՊԿՀ-ի գրադարանային ֆոնդի հարստացման և համատեղ հրատարակչական աշխատանքներ իրականցնելը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց հատկապես մագիստրատուրայի կրկնակի դիպլոմների շնորհման հնարավորությունը՝ ընդգծելով դրանց կարևորությունը հայ և եվրոպացի մագիստրոսների համար:

«Համաձայնագրի կնքելը աշխատանքի արդյունք է. տարիներ շարունակ երկու բուհերը տարբեր ծրագրերի շրջանակներում փոխանակվում են ուսանողական խմբերով: Իրապես, սա համալսարանական կյանքում իրադարձություն է»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու վստահեցրեց, որ արդեն իսկ քննարկել են Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի հետագա զարգացման ուղիները:

Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչն արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Վստահեցնում է՝ Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունն ունի շոշափելի արդյունքներ:

«Սա շրջադարձային է երկու համալսարանների պատմության մեջ: Ես մեծ ցանկություն ունեմ, որ այն չսահմանափակվի միայն համալսարանական համագործակցությամբ, այլև մեծ նշանակություն ունենա երկու երկրների բարձրագույն կրթության զարգացման պատմության մեջ»,-նշեց Սուրոմի Սաբոլչն ու վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանն ունի առաջանցիկ և հարուստ փորձ բարձրագույն կրթության ոլորտում:
Սուրոմի Սաբոլչը ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին շնորհեց դիպլոմ՝ պրո-ունիվերսիտատ, հայ մշակույթի պատմության զարգացման գործում նշանակալի ավանդի համար և ընդգծեց, որ առաջին անգամ դիպլոմը շնորհվում է արտերկրի համալսարանի ռեկտորի:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, հիշեցնելով, որ Հռոմի պապը Ֆրանցիսկոս 1- ինը 2015 թվականին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսիոփա Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել է «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս», Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Սուրոմի Սաբոլչին նվիրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որի արտաքին ձևավորումն արել էին բուհի դասախոսներն ու ուսանողները համատեղ:

Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի ուսանող Ջեռալի Զոլտան ուսումնառության մեկ կիսամյակն անցակացրել է Մանկավարժական համալսարանում: Համեմատելով երկու բուհերի ուսումնական գործընթացը՝ Զոլտան նկատեց, որ հիմնական տարբերությունը մեթոդաբանության մեջ է:

«Հայաստանում հիմնականում աշխատում էինք փոքր խմբերով, որը շատ կարևոր էր և արդյունավետ: Ընթացքում բացի մասնագիտական գիտելիքներից, սովորեցինք նաև հայերեն, ռուսերեն, հայկական մշակույթ: Շատ կարևոր և հաճելի էր ճամփորդել Հայաստանով, շփվել ու ծանոթանալ մարդկանց հետ: Կարևորում եմ նման անմիջական շփումը»,- նշեց Ջեռալի Զոլտան և խոստացավ կրկին այցելել Հայաստան, որտեղ արդեն հասցրել է ունենալ լավ ընկերներ:

ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Մարինե Սահրադյանն էլ 1 կիսամյակ ուսանել է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում: Ամփոփելով արտերկրյա ուսումը՝ վստահեցրեց, որ երկրից դուրս ուսումնառությունը տալիս է լայն աշխարհայացք և լավ հնարավորություն բարելավելու և զարգացնելու գիտելիքները:

«Հնարավորության դեպքում ուսումս կշարունակեմ այնտեղ»,-վստահեցրեց ապագա պատմաբանն ու հավելեց, որ երկու երկրների կրթական համակարգերի տարբերությունները հիմանականում գիտելիքը փոխանցելու ձևի մեջ է:

Նշենք, որ այցի շրջանակներում համագործակցության հուշագիր կնքվեց նաև Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև: