Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում ներկայացվեց «Ազգային երազ» բեմադրությունը՝ Եղիշե Չարենցի համանուն ստեղծագործության հիման վրա։ Ներկայացմանը, որի բեմադարող ռեժիսորը ՀՊՄՀ ռեժիսուրա բաժնի 1-ին կուրսի ուսանող Սոս Թադևոսյանն էր, մասնակցում էին Կուլտուրայի ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողները և Փարաքար համայնքի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի սաները։
Ներկայացումն առաջին անգամ թատերասերների դատին է հանձնվել «Մշակույթի և երիտասարդության պալատ»-ում, որին ներկա են եղել նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, չարենցագետ Դավիթ Գասպարյանը․ վերջիններս բարձր են գնահատել ավագ և կրտսեր ստեղգագործողների համագործակցության արդյունքը՝ հագեցած չարենցյան ստեղծագործություններին բնորոշ ոգով և հույզերով։
Ինչպես ստեղծագործության, այնպես էլ բեմադրության ընթացքում փոքր խնդիրը դառնում է ազգային․ մեկ մարդ, մի խումբ, ապա՝ մի ողջ ազգ և ճակատագիր։
«Մշակույթի և երիտասարդության պալատի» հետ համագործակցության գաղափարը բուհի Ուսանողական խորհրդինն է․ «Մենք բազմիցս համագործակցում ենք տարբեր հաստատությունների հետ, սակայն Մանկավարժականի հետ նոր սկիզբ առած գործընկերությունը գոհացնող է և արդյունավետ»,-նշում է «Մշակույթի և երիտասարդության պալատի» տնօրեն Անի Նիգոյանը։
Կողմերը վստահեցնում են, որ առաջիկայում ունեն համատեղ իրականացվող մի շարք նոր ծրագրեր ու մտահղացումներ։