Այսօր աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում էին ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի գիտահետազոտական և նորարարական միջազգային գործունեության գծով պրոռեկտոր Յուրի Վետրովն ու Գիտական վարչության պետ Լյուդմիլա Խլուդովան։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին գիտակրթական ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ հաջորդ տարի նախատեսվող ծրագրերն ու իրականացվելիք միջոցառումները։ Խոսեցին ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու, «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։
Ռուս գործընկերները կարևորեցին «Ուշինսկու ակումբ» միջազգային երիտասարդական բանավեճի ակումբում ՀՊՄՀ ուսանողների ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը։
ՀՊՄՀ պրոռեկտորը վստահեցրեց՝ բուհը ուսանողակենտրոն է․ կրթական տարբեր հաստատությունների հետ համագործակցության շրջանակում կարևորում և առաջնահերթություն են համարում ուսանողների ընդգրկվածությունը, անձնային և մասնագիտական աճի զարգացումը։
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի շարունակական և երկուստեք արդյունավետ՝ կյանքի կոչելով հուշագրում ամրագրված կետերը։
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի և ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի միջև այս տարի կնքվել է համագործակցության հնգամյա հուշագիր։